Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հացահատիկային մշակաբույսերի՝ ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի, ինչպես նաև շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այս սահմանափակումները, չնայած հանրության շրջանում ստացած մեծ հնչեղությանը, կրում են միայն ժամանակավոր բնույթ և կգործեն մինչև ամռան վերջ: Ռուսական կողմը նաև հստակեցրել է՝ սահմանափակումների նպատակն է կանխել նշված ապրանքատեսակների վերաարտահանումը ԵԱՏՄ երկրներից երրորդ երկրներ:
Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է երկրում սպառվող շաքարավազի մոտ կեսը, իսկ հացահատիկի դեպքում ռուսական մասնաբաժինը 2021 թվականին կազմել է ավելի քան 58 տոկոս։ Մատակարարումների անխափան ընթացքն ապահովելու և Հայաստանի կարիքները բավարարելու հարցով հայկական կողմը ակտիվ քննարկումներ է վարում ԵԱՏՄ գործընկերների հետ:
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)) - Հայաստանի նախաձեռնությամբ այդ հարցերը քննարկվել են վերջերս ԵՏՀ խորհրդի նիստում: Հայ-ռուսական երկկողմ ձևաչափով այն նույնպես քննարկվում է: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս Հայաստանին անհրաժեշտ ոչ մեծ քանակի պարենային ապրանքների՝ հացահատիկի, եգիպտացորենի, շաքարի մատակարարում կիրականացվի:
Չնայած ժամանակավոր սահմանափակումներին՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։ Բացի այդ, ԵՏՀ խորհրդի որոշմամբ նախատեսվում է նաև երրորդ երկրներից շաքարավազի մատակարարումներ Հայաստան՝ արտոնյալ սակագնով:
Արտակ Քամալյան - Աշխարհում այժմ տիրող իրավիճակը հանգեցրել է սննդամթերքի բավականին մեծ գնաճի, մեծ մտահոգություններ կան գյուղատնտեսության տարվա առումով, բայց ԵԱՏՄ-ում պարենի դեֆիցիտ չկա: Միության երկրներն այս տարի արդեն գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի: Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ տարածքում հացահատիկի դեֆիցիտ չի կարող լինել ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականում:
Միջազգային պատժամիջոցները և լոգիստիկ կապերի ընդհատումը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարի, Հայաստանի համար ստեղծում են նաև տնտեսական հնարավորություններ: Մեր երկիրն ունի ԵԱՏՄ երկրներ միրգ-բանջարեղեն մատակարարելու մեծ ներուժ, ինչը կարող է խթանել նաև գյուղատնտեսության զարգացումը, ասում է ԵՏՀ նախարարը: Այստեղ մեծ դեր ունեն կառավարության կողմից այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Քամալյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական խորհուրդն այժմ կենտրոնացած է Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների բացասական հետևանքները չեզոքացնելու և միության մյուս անդամների վրա դրանց հնարավոր ազդեցությունը կանխելու խնդիրների վրա:
Արտակ Քամալյան - Մենք այժմ աշխատում ենք այդ ծրագրի իրականացման ուղղությամբ, որն ընդունվել է մարտի 17-ի խորհրդի նիստին: Այն վերաբերում է տնտեսության տարբեր ճյուղերին՝ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, շինարարությանը, արժութային կարգավորմանը:
Հաշվի առնելով այս կամ այն պատժամիջոցների հասցեական և ոլորտային բնույթը` նախատեսվում է միջոցառումների հստակ փաթեթներ ընդունել յուրաքանչյուր ուղղությամբ։