ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե այս տարի նոր գնաճային ճնշումների և մարտահրավերների ֆոնին նախատեսվո՞ւմ են արդյոք զբաղվածության խթանման և սոցիալական վճարների՝ կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումներ:
«ՀՀ-ն աշխարհից կտրված չէ և փոխկապակցված է աշխարհի զարգացումների հետ: Այո՛, ճիշտ եք՝ կան գնաճային ճնշումներ, և, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, այդ գնաճային ճնշումները դեռ կշարունակվեն: Դրանք պայմանավորված չեն ՀՀ ներքին իրադարձություններով»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ամենաքիչ գնաճն ունեցող երկրներից է:
Նա նշեց, որ Կառավարությունը մտածում է այդ հարցի մասին, և յուրաքանչյուր նոր քաղաքականություն, որը կհանգեցնի սոցիալական վճարների բարձրացմանը, պետք է բխի մեր երկրի ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական ցուցանիշներից:
«Մենք կարևորում ենք քննարկումների արդյունքում և մեր մակրոտնտեսական, ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ հաշվի նստելով առաջ գնալը, և, բնականաբար, մեր առաջնահերթությունների շարքում է խնդիրները Կառավարության ծրագրի շրջանակներում լուծելը»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: