Այս տարվա հունվարի 6-ից հետո ինքնակամ կառուցված ոչ մի շինություն չի օրինականացվելու: 2021-ի հունվարի 1-ից մինչև այս տարվա հունվարի 6-ը կառուցված ինքնակամները հնարավոր կլինի օրինականացնել միայն այն դեպքում, եթե դրանց տերերը մինչև մարտի 15-ը ներկայացրել են հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Իսկ եթե չեն մուտքագրվել, ապա օրինականացման ենթակա չեն, ցանկացած պարագայում ապամոնտաժման են ենթակա, եթե նույնիսկ ինքնակամ կառույցը գտնվում է սեփական հողի վրա:
Ապօրինի ինքնակամ կառույցների գույքագրման ու համապատասխան հարթակ մուտքագրելու ընթացակարգը 4 փուլով է իրկանացվելու: Առաջին փուլը վերաբերում էր մինչև այս տարվա հունվարի 6-ը կառուցվածներին: Մինչև 2021 թ.-ը մայրաքաղաքի տարածքում կառուցված ինքնակամ կառույցները հարթակ պետք է մուտքագրվեն մինչև 2023-ի հունվարի 1-ը, իսկ քաղաքային բնակավայրերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամների մասին տվյալները պետք է մուտքագրվեն մինչև 2024-ի հունվարի 1-ը, գյուղական բնակավայրերում կառուցված ապօրինի ինքնակամ կառույցների մուտքագրումը երկարաձգվում է մինչև 2025-ը:
Ելենա Զոհրաբյան - Բայց ուզում եմ նշել, որ ինքնակամ կառույցների տվյալների մուտքագրումը համակարգ դեռ չի նշանակում, որ տվյալ ապօրինի կառույցը օրինականացման ենթակա է, այսինքն՝ պետք է լիցենզավորված չափագրման կազմակերպությունների կողմից ստուգվեն քաղաքաշինական նորմերը՝ նոր:
Տեսչական մարմինն արդեն 45 ինքնակամ կառույց է հայտնաբերել հունվար-փետրվարին: Խախտումների առյուծի բաժինը մայրաքաղաքում է՝ ասում է տեսչական մարմնի պատասխանատուն:
Ելենա Զոհրաբյան - 45-ի մասով իրականացնում ենք վարչարարություն, ունենք համայնքներ, որ ծանուցումից հետո համայնքի ղեկավարները շտկել են խնդիրը, տարածքը բերել են նախկին տեսքի, ունենք մեկ դեպք, երբ որ ինքնակամ կառույցը նախապես է կառուցված եղել, այնուհետև վերակառուցվել է:
2021 թ. սկզբից մինչև 2022-ի փետրվար Հայաստանում 526 ինքնակամ կառույց է հայտնաբերվել: Օրենսդրական վերջին փոփոխությունները դյուրացրել են տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները՝ ապօրինի ինքնակամների ապամոնտաժումը, քանդելը և այլն:
Ելենա Զոհրաբյան - Տեսչական մարմինը իրավունք ունի համայնքի ղեկավարների նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվություն, քանի որ ի պաշտոնե համայնքի ղեկավարը ունի պարտավորվածություն կասեցնելու, նաև կանխելու ապօրինի կառույցների շինարարությունը:
Տեսչական մարմինը 2021-ին համայնքի ղեկավարի կողմից ինքնակամ շինարարության դեպքերը չկանխարգելելու վերաբերյալ 24 հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որից 21-ը՝ Երևանում, մեկական՝ Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում:
2021-2022-ին ամենաշատ ապօրինի ինքնակամ շինություններ հայտնաբերվել են հունիս- հուլիսին՝ համապատասխանաբար, 115 և 94 դեպք, այնուհետև կրկին նվազման միտում է նկատվել: Ապօրինի կառույցների ամենաշատ դեպքերը մայրաքաղաքից հետո գրանցվել են Արագածոտնում, Լոռիում, Արարատում և Կոտայքում: