Կապան, Քաջարան, Շնող, Գեղամասար... Հայաստանի շուրջ 20 համայնք 2023 թվականի հունվարի 1-ից հավելյալ եկամուտ կստանա դեպի համայնքային բյուջե: Խոսքը ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիներից ազդակիր համայնքներին մասհանվող 2 տոկոսի մասին է: Օրենսդիրն այս ամսին հաստատեց համապատասխան օրենքների նախագծերի փաթեթը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաշվարկել է, թե որքան հավելյալ գումար կուղղվեր համայնքներին, եթե օրենքը գործեր հիմա: Փոխնախարար Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ նախորդ տարի հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները ռոյալթիի գծով պետբյուջե են վճարել մոտ 58 մլրդ դրամ:
Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Մոտավորապես այդ 58 մլրդ-ից, եթե 22 թվականին գործեր այդ օրենքը, մլրդից մի քիչ ավել՝ 1 մլրդ 51 մլն, կուղղվեր դեպի համայնքային բյուջեներ, և համայնքները կունենային հնարավորություն ավելի շատ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու:
Փոխնախարարը վստահ է՝ հավելյալ եկամուտը խթան կհանդիսանա, որպեսզի համայնքներում ավելի շատ ծրագրեր իրականացվեն: Համայնքների ցանկը ժամանակի ընթացքում կընդլայնվի:
Հովհաննես Հարությունյան - Որովհետև տարբեր ընդերքօգտագործողներ, կախված բորսայում մետաղների գների հետ, կա՛մ վերսկսում են, կա՛մ դադարեցնում են, կա՛մ ավելի են իրենց հզորություններն ավելացնում, և էդ շարքը կարող է ավելանալ:
Օրենքը կգործի եկող տարեսկզբից, սակայն ռոյալթիների հաշվարկը տարեվերջին կատարելուց հետո միայն համայնքները կարող են ստանալ իրենց բաժինը: Իսկ թե ինչու հենց 2 տոկոս՝ փոխնախարարը պարզաբանում է:
Հովհաննես Հարությունյան - Դա այն թիվն էր, որ մենք ֆինանսների նախարարության և մյուս գործընկերների հետ հասկացանք՝ մասհանելով՝ չի ազդի մեր բյուջետային եկամուտների վրա: Եվ սա այն ամենակարևոր ցանկությունն էր, որ այս մեխանիզմը սկսի աշխատել: Եվ էդ մեխանիզմը, երբ իրական աշխատի, և մենք գնահատենք, որ ունենք հնարավորություն՝ այդ տոկոսը մեծացնելու, Կառավարությունը, ինձ թվում է, նաև այդ կամքն էլ կդրսևորի և այդ տոկոսն էլ կմեծացնի:
Վերջին տարիներին, համաշխարհային բորսաներում մետաղների գների բարձրացմամբ պայմանավորված, ընդերքօգտագործումից ստացվող հարկերը կրկնապատկվել են: Եթե այս տեմպը շարունակվի, կմեծանան նաև համյնքներին տրամադրվող հատկացումները:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան