ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ԵԽ Կոնգրեսը ի գիտություն է ընդունել Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։
«Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես՝ ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։
Ամբողջ այս ընթացքում մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումը այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։
Հայաստանյան պատվիրակներս, խոսելով ՏԻՄ ընտրություններից, արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին՝ պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է, և որ Արցախի հարցը փակված չէ»,- գրել է Խաժակյանը: