Հայկական ապրանք Ռուսաստան արտահանելը հիմա որքան ռիսկային, նույնքան էլ ձեռնտու է։ Սանկցիաները դատարկել են ռուսական խանութները․ ինչու չօգտվել հնարավորությունից և զբաղեցնել արգելքի տակ հայտնված, օրինակ, ուկրաինական հյութերի, բելգիական շոկոլադի կամ բուլղարական պահածոների տեղը։ Բեռների քանակն ու տեսականին ավելացնելով՝ կարելի է փոխհատուցել նաև դրամի արժևորումից արտահանողների վնասը, առաջարկում է Ալբերտ Էվոյանը։
Ալբերտ Էվոյան («Մասիս-94» ընկերության գլխավոր մենեջեր) - Լեհաստանից լինում էր բերել վարունգի թթում կամ մուրաբա, որը հիմիա էլ չի լինելու բերել և դու կարող ես մտնես էդ շուկա։ Մի միավոր ապրանքի մեջ ավելի քիչ ես աշխատում, բայց շատ ես վաճառում:
Թալինի Արագածավան գյուղում գործող իրենց ընկերությունն արտադրած մուրաբա-կոմպոտ-չրերն ամբողջությամբ է Դաշնություն տանում։ Լավ է՝ այս տարվա բերքը վերամշակելուն ընդառաջ մեծացրել են ձեռնարկության հզորությունները։ Ընդհանուր 11,5 մլն դրամի չրանոց, սառնարանային ագրեգատ, պտուղ-բանջարեղենը տապակել-եփելու համար եռաշերտ, հատուկ կաթսաներ են ձեռք բերել, պետության կողմից սուբսիադավորվող լիզինգի ծրագրով։
Ալբերտ Էվոյան - Սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկը տեսեք՝ 0 տոկոս է, իսկ լիզինգային տոկոսները, ի տարբերություն վարկի, հաշվանցվում են:
Բիզնեսի գործընկեր ֆինանսական կազմակերպությունում ընդհանրացնում են․ պահածո, խմիչք, պանիր-թթվասեր, երշիկեղեն արտադրողները, եթե նախկինում լիզինգով մեծ մասամբ արտասահմանյան հոսքագծեր էին պատվիրում, վերջերս սկսել են նաև Հայաստանում արտադրվող սարքավորումներ ձեռք բերել։ Պարզվում է՝ երկրում ունենք մեծ ու փոքր գործարանների տեխնիկա նախագծող-հավաքող մի քանի ընկերություն․ այս մեկում վարպետները հիմա աշխատում են՝ գյուղմթերք լվացող ապարատի վրա։
Մկրտիչ Հովհաննիսյան («Հովհաննիսյան բրադերս» ընկերության հիմնադիր տնօրեն) - Սարքը լվանում է գրեթե ամեն ինչ՝ էն տեսակի բանջարեղենը, որ ջրում սուզվում է, չի սուզվում՝ կանաչի, գիլաս, ելակ, ծիրան, խնձոր՝ ժամում 2000 կգ:
Քիչ այն կողմ թթվի աղաջուր բռնող սարքն է։ Գրեթե ավարտել են՝ ջուրն իոններով ֆիլտրացնող տարայի ու գինու պահամանի պատրաստումը։ Պատվիրատուին են սպասում կաթ պաստերիզացնող ու մշակող տանկերները, շոկոլադի ու փաթեթավորման տեխնիկան․ ամեն ինչ՝ չժանգոտող պողպատից ու բիզնեսի ուզած պարամետրերով, բացատրում է ընկերության հիմնադիրը։
Մկրտիչ Հովհաննիսյան - Ընդհանրապես, կաթը պաստերիզացնում է 70 աստիճան, բայց կաթնաշոռը՝ մինչև 95 աստիճան: Շատ հետաքրքիր հաստոց է, նախատեսված է շոկոլադը կոփելու համար:
Տեղական հոսքագծերի դեպքում, ի տարբերություն արտասահմանյանի, լիզինգի պայմանագրով՝ արտադրող ընկերությունը նաև հետագա սպասարկում է ապահովում, եթե տեխնիկան փչանա։ Գյուղմթերք վերամշակողների համար գործող կանոնը կտարածվի նաև ընդհանուր մշակող արդյունաբերության վրա՝ ասում է «Արմլիզինգի» ղեկավարը՝ նկատի ունենալով, որ Կառավարությունը հունվարի վերջին ընդլայնեց, սուբսիդավորման փաթեթում նաև այլ ոլորտներ ընդգրկեց։
Արսեն Բազիկյան («Արմենիան լիզինգ քոմփանի» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն) - Արդեն ուժի մեջ է մտել, և դա շատ այլ ոլորտների համար է՝ տեքստիլի, տարբեր վերամշակող ոլորտների համար։ Կարծում ենք, որ բացել անհրաժեշտ էր, որովհետև տնտեսության մյուս ոլորտներից հայտեր էին լինում, թե ինչու լիզինգից չեն կարողանում օգտվել, հիմա կարող են դիմել:
Ամփոփված վերջին տվյալով՝ լիզինգային պորտֆելի մնացորդը երկրում 2020-ի դեկտեմբերին 42 մլրդ-ից աճել ու 21-ի վերջին հասել է 59 մլրդ դրամի՝ ներառյալ արտոնյալ պայմաններով ձեռք բերվող տրակտոր-կոմբայնները, պահածոների հոսքագծերն ու էներգախնայողության փաթեթով տեղադրվող արևային պանելները։