Երևանի քաղաքային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմով։ Ապրիլի 3-ից ևս 5 երթուղի կսպասարկվի նոր մեքենաներով։ Փոխվել է ոչ միայն շարժակազմը, այլև երթուղիների համարները։ Այսպես՝ 10, 21 գազելներին, 15 մանուշակագույն «Հիգեր» ավտոբուսին կփոխարինեն, համապատասխանաբար, 16, 30 և 17 երթուղիների նոր՝ միջին դասի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ) - Բնակչության մոտ ընկալում կա, որ իրենց գազելը հանեցինք, անպայման նույն երթուղով ավտոբուս պետք է աշխատի, կամ՝ միջին դասի: Չէ, այդպես չի լինում: Այսինքն՝ մենք կարող է 2-3 գազել փոխարինենք 1 ավտոբուսով ուղեգծի շեղումներով, ուղեգծի փոփոխություններով մեզ անհրաժեշտ է, որ սպասարկենք բնակչությանը: Այսինքն՝ տոկոսային հարաբերությամբ եթե նայենք, 50-60 տոկոսը կունենանք»:
Ապրիլի 3-ից երթի դուրս չեն գա 54, 58 և 65 միկրովտոբուսները: Փոխարենը՝ երկար ժամանակ չգործող 48 և 62 միկրոավտոբուսային երթուղիները կվերագործարկվեն, բայց կաշխատեն նոր ուղեգծերով։ Դրանք կշահագործվեն «Գազել սիթի» փոքր դասի նոր ավտոբուսներով: Ուղևորը նոր տրանսպորտային միջոցներին կսպասի մինչև տասը րոպե։
Հայկ Սարգսյան - Մենք շատ բողոքներ էինք ստանում, և քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրեցինք տարածքը: Քանաքեռի 14 փողոցի մասին է խոսքը, որ ամբողջովին կտրված էր քաղաքից, բավականին հեռու էր Քանաքեռցու փողոցից, կկապենք Կենտրոնի հետ, այսինքն՝ կապը կհաստատվի Քանաքեռի և ուսումնական հաստատությունների հետ, որոնց կողմից բողոքներ կային»:
Մայրաքաղաքի ենթակառուցվածքներից է կախված, թե որ երթուղին սպասարկեն միջին, և որը՝ փոքր դասի ավտոբուսները: Մանուշակագույն «Հիգեր»-ների մի մասը շարքից դուրս են եկել ու վերանորոգվում են: Դա է նաև պատճառը, որ ավտոբուսային երթուղիները փոխարինվում են «Ժոնգ Թոնգ»-ներով:
Հայկ Սարգսյան - Նոր ավտոբուսները չափերով ավելի մեծ են, և մեր ենթակառուցվածքները շատ հաճախ թույլ չեն տալիս նոր ներկրվածները մտնեն այնտեղ, և մենք ստիպված ենք լինում միկրոավտոբուսը փոխել «Հիգերով», որը որ ունեինք քաղաքում և «Հիգերը» փոխել ենթակառուցվածքներից ելնելով նոր ներկրված «Ժոնգ Թոնգ»-ներով»:
Մինչև հունիս նախատեսվում է ավարտին հասցնել նոր ավտոբուսների շահագործումը: Յուրաքանչյուր երթուղու տրամադրվում է 8-ից մինչև 18 շարժակազմ՝ կախված երթուղու երկարությունից: Պարկում եղած ավտոբուսները, նախնական հաշվարկով, բավարար կլինեն փոխելու ևս 5 երթուղու շարժակազմ: Թե որոնք կլինեն այդ երթուղիները, տրանսպորտի վարչության պետը դժվարանում է պատասխանել:
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ցանցն ամբողջությամբ նորացնելու համար ավելի քան 800 շարժակազմ է անհրաժեշտ: Մինչև այսօր 16 երթուղու շարժակազմ է փոխվել: Դրանցից 8-ը երթևեկում է «Ժոնգ Թոնգ»-ներով, մնացած 8-ն էլ՝ «Գազել սիթի»-ներով: Նախորդ տարի հայտարարված միջին դասի ևս 100 ավտոբուսի մրցույթում կրկին «Ժոնգ Թոնգ» ընկերությունն է հաղթել:
Եվս 100 բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսի մրցույթին էլ մասնակցում է գերմանական ընկերություն: Շուտով մրցույթ կհայտարարվի 10 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ 200 ավտոբուսն ու 10 տրոլեյբուսը ներկրել Հայաստան: