«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստի օրակարգում է:
Հայաստանը Կոնվենցիան ստորագրել է 2020 թ. հունիսի 24-ին: Ներկայումս Կոնվենցիան ստորագրել է 18 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետության համար:
«Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ քայլեր է իրականացնում տեղեկատվության ազատության, հրապարակայնության և թափանցիկության ապահովման համար: Տեղեկատվության ազատության ոլորտում դատական և իրավունքի կիրառման պրակտիկան Հայաստանում հիմնականում ձևավորվել է 2003 թվականից՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
Սակայն մինչև օրենքի ընդունումը նույնպես Հայաստանն ունեցել է տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության որոշակի պրակտիկա, որն արտացոլվել է դատարանների որոշումներով՝ համապատասխան օրենքի բացակայության պայմաններում հիմնվելով սահմանադրական և օրենսդրության այլ նորմերի վրա: Տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները պայմանավորված են նրանով, որ Օրենքով և դատական պրակտիկայով սահմանվել են ավելի առաջադեմ չափանիշներ, քան Կոնվենցիոն կարգավորումներն են»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Այլ կերպ ասած՝ Կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է սեփական օրենսդրությամբ և պրակտիկայով:
«Մեր երկիրն ունի տեղեկատվության ազատության ոլորտում զարգացած հարուստ և այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է կամ կարող է բեռ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Միաժամանակ, Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը և համադրելի է Հայաստանի Հանրապետության կողմից հրապարակայնության և տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը: