«Известия» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան չի համաձայնել կատարել ԱՄՆ խնդրանքը՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։
«Անկարան մտադիր չէ ԱՄՆ ճնշման տակ հրաժարվել ռուսական С-400 համակարգերից։ Սա մեզ համար քննարկման առարկա չէ։ Այդ հարցը մենք քննարկել ենք անցյալում, և այժմ շարունակում ենք համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Դրանից հրաժարվելը նույնիսկ չի քննարկվում»,- ընդգծել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Известия-ի հետ հարցազրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ «Թուրքիան կարող է ինքնուրույն որոշել սեփական քաղաքականությունն ու ճանապարհը, և միշտ այդպես է եղել»:
«Թուրքական դիրքորոշումը խաղաղություն ապահովելն է։ Ներկա իրավիճակում մեր առաջնորդներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունն ու հակամարտությունը»,- ընդգծել է Դեմիրը։
Ավելի վաղ Reuters-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ ոչ պաշտոնական քննարկել է Ուկրաինային С-400-ներ փոխանցելու հնարավորությունը՝ օգնելու Կիևին պաշտպանվել ռուսական զորքերից:
Ի պատասխան՝ Վաշինգտոնը խոստացել է հրաժարվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ կիրառած պատժամիջոցներից, որոնք սահմանել էր 2020 թվականի վերջին, ինչպես նաև Թուրքիային վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին։
Reuters-ը ճշտել է, որ Ջո Բայդենի վարչակազմն իր բոլոր դաշնակիցներին խնդրել է հրաժարվել С-300 և С-400 համակարգերից և դրանք փոխանցել Ուկրաինային, ինչը շատերն անհավանական են համարում: