Լեհաստանի հետախուզական ծառայությունը պատրաստել և երկրի ԱԳՆ է ներկայացրել 45 ռուս դիվանագետի անուն, որոնց Վարշավան մեղադրում է հետախուզական գործունեության համար։ Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է լեհական հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը՝ գրում է ՏԱՍՍ-ը։
Ժարինի խոսքով՝ «ցուցակում կան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև նրանց հետ համագործակցող անձինք»։
«Հատուկ ծառայության ղեկավարը, ցուցակը փոխանցելով Լեհաստանի ԱԳՆ-ին, միաժամանակ առաջարկել է նրանց շտապ հեռացնել Լեհաստանի տարածքից»,- հավելել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը։
Լեհաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, կանչել է ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին։ Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է այս տեղեկությունը, սակայն առայժմ չի մեկնաբանում 45 դիվանագետին արտաքսելու մասին տվյալները։
Վարշավայում ՌԴ դեսպանատան կայքի տեղեկատվության համաձայն՝ այս պահին Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմում ընդգրկված է մոտ 60 մարդ։