Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակցից 12-ն արժանացել են մեդալների: Այս տարի մրցույթին առաջին անգամ մասնակցել են Պոլիտեխնիկի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի սաները:
Ժորա Ունուպօղլյան («Ինֆորմատիկա» առարկայից բրոնզե մեդալակիր) - Իմ կարծիքով՝ նախորդ տարիներին ավելի հեշտ է եղել, և դա պայմանավորված է նրանով, որ ոլորտում ներգրավվածությունը մեծանում է, նոր մարդիկ են գալիս, և համացանցում նյութը շատանում է, և խորանալը ոլորտում ավելի է հեշտանում: Անհրաժեշտություն է դառնում խնդիրների մակարդակը բարձրացնել, որ բոլորի համար օլիմպիադան հեշտ չլինի:
Մանյակ Մութաֆյան (Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ժաուտիկովյան օլիմպիադայի կազմակերպիչ) -Միջազգային օլիմպիադաների դերը դասընթացների հետ համատեղ կարևորում եմ, քանի որ դրանք սովորողին, ինչու չէ՝ նաև մասնագետներին, ստիպում են առավել խորացնել գիտելիքները և բավական բարդ խնդիրների վրա ավելի լավ աշխատել:
Մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա՝ ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվում է 3 առարկայից: Հայաստանը ներկայացնող դպրոցականներին հաջողվել է նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե մեդալներ: Առցանց միջազգային մրցույթն այս տարի անցկացվում էր Ղազախստանում:
Խաչիկ Մանուկյան (ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրենի օգնական) - Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցում էինք առաջին անգամ: Մեր դպրոցի սաները նախկինում միջազգային օլիմպիադաների մասնակցության փորձ արդեն ունեին, դրա համար մեր մասնակցությունը բարեհաջող եղավ: Հեռավար մասնակցությունը երբեմն շատ բարդ է լինում, որովհետև տեխնիկական պահանջները շատ-շատ խիստ են:
Երկու փուլով՝ տեսական ու փորձարարական, 22 երկրի 1210 աշակերտ է մասնակցել Ժաուտիկովյան 18-րդ միջազգային օլիմպիադային: Մեդալակիրների խոսքով՝ դեռ ուսումնական տարվա մեկնարկից պատրաստվել են օլիմպիադային:
Վահրամ Ասատրյան (ոսկե մեդալակիր, Ֆիզմաթ դպրոց) - Օլիմպիադայի մասնակցում էի 3-րդ անգամ արդեն մի հատ բրոնզ եմ բերել, անցյալ տարի էլի ոսկի եմ բերել ու էս տարի ոսկու ակնկալիքով էի գնում:
Արտաշես Մկրտչյան (բրոնզե մեդալակիր, ՀԱՊՀ ավագ դպրոց) - Օլիմպիադային մասնակցում եմ առաջին անգամ: Հուզմունքը շատ մեծ էր, որովհետև սպասումները շատ էին:
Հայաստանը ներկայացնող մասնակիցներից կրտսերը Գագիկն է: Ասում է՝ հետագայում փորձելու է ավելի լավ առաջադիմություն ցուցաբերել:
Գագիկ Գևորգյան (բրոնզե մեդալակիր, «Քվանտ» վարժարան) - Դժվար էր, բայց փորձում էի ինչքան հնարավոր է՝ լավ գրել: Հույս ունեի մեդալի, և հաջողվեց: Առաջին անգամ էի մասնակցում ու գոհ եմ արդյունքից:
Մարիան մեր թիմի միակ աղջիկն է, օլիմպիադաների մասնակցության մեծ փորձ ունի: Որոշել է՝ ֆիզիկոս է դառնալու:
Մարիա Առաքելյան (բրոնզե մեդալակիր) - Ես սովորում եմ Ֆիզմաթ դպրոցում ու սկսեցի մասնակցել խմբակներին: Ես սովորել եմ քիչ ժամանակում շատ խնդիր լուծել և 4 ժամվա ընթացքում չխառնվել իրար, հանգիստ նստել ու մտածել:
Օլիմպիադայի հաղթողները ԿԳՄՍ նախարարի հրամանով կստանան անվանական կրթաթոշակ: