Հայաստանում պաշտոնական փաստաթղթերը վավերացվում են էլեկտրոնային ապոստիլով: Այսինքն՝ քաղաքացիներին փաստաթուղթը տրամադրվում է էլեկտրոնային տարբերակով: Եթե թղթային տարբերակը ձեռքի տակ չլինի, քաղաքացին առանց ժամանակ ծախսելու, էլեկտրոնային փոստի միջոցով կարող է այն ուղարկել անհրաժեշտ հաստատություններին:
Մարինե Յայլախանյան (ՀՀ ԱՆ ՔԿԱԳ միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ) - Օրինակ՝ կնիքն ա դրվում էլեկտրոնային, ստորագրությունը QR կոդի միջոցով ու e-verify կայքի միջոցով էլ հսկիչ կոդն է հավաքվում, որով ստուգվում է փաստաթղթի վավերականությունը:
Էլեկտրոնային ապոստիլի իսկությունը հնարավոր է ստուգել e-verify.am կայքի միջոցով՝ մուտքագրելով ապոստիլի վրա նշված հսկիչ համարը կամ արագ արձագանքման ծածկագիրը՝ QR կոդը: Հաագայի կոնվենցիային անդամակցող պետություններում փաստաթղթաշարժը իրականացվում է բացառապես ապոստիլի միջոցով:
Մարինե Յայլախանյան - Ապոստիլով հաստատվում են պաշտոնական փաստաթուղթը ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, կնիքն ու ստորագրությունը, այսինքն՝ մենք հավաստում ենք դրանց իսկությունը, որ այսինչ անձի կողմից տրամադրված փաստաթուղթը համապատասխանում է իսկությանը:
Սակայն քաղաքացիները փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար առցանց դիմում ներկայացնել չեն կարող:
Մարինե Յայլախանյան - Էլեկտրոնային ապոստիլ ասվածը երբեմն թյուրըմբռնման տեղիք է տալիս քաղաքացիների մոտ, քանի որ քաղաքացիները մտածում են, որ կարող են էլեկտրոնային տարբերակով սկանավորեն իրենց փաստաթուղթը և ուղարկեն մեր էլեկտրոնային հասցեին, և մենք պարտավորվենք իրենց փաստաթուղթը ներկայացնենք արդեն ապոստիլ արված:
Մինչդեռ քաղաքացին ինքը կամ լիազորված անձը պետք է դիմեն արդարադատության նախարարություն, որտեղ կսկանավորվեն ապոստիլով հաստատվելու ենթակա փաստաթուղթը, և 1 աշխատանքային օրվա ընթացքում ապոստիլով հաստատված թղթային ու էլեկտրոնային տարբերակով կտրամադրեն քաղաքացուն: Կան բացառություններ, օրինակ՝ e-services.moj. am կայքի միջոցով ևս կարող են դիմել:
Մարինե Յայլախանյան - Միայն այն փաստաթղթերի ստացման համար, երբ նոր ստեղծվող փաստաթուղթն են ստանալու, հիմնականում դրանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կրկնօրինակները՝ ծննդյան, ամուսնության վկայական ստանալու, երբ քաղաքացին կարող է դիմել, կրկնօրինակը ստանալ ապոստիլով համապատասխան պետական տուրքը վճարելուց հետո: Հատկապես համավարակի շրջանում այս տարբերակից քաղաքացիներից շատերն են սկսել օգտվել՝ տարբեր երկրներից:
Քրիստինե Մաթևոսյան (Հունաստան) - Հիմա ամեն ինչ էլեկտրոնային ա, այդ քաշքշուկից ժողովուրդը մի քիչ ավելի հեշտ ա, կարող ա իր տնից ինտերնետի միջոցով ամեն հարց լուծի:
Ի դեպ, 2021-ի հոկտեմբերին արդարադատության ու արտաքին գործերի նախարարների համատեղ հրամանով ընդլայնվել է արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացվող փաստաթղթերի շրջանակը: Ցանկին քաղաքացիները կարող են ծանոթանալ նախարարության կայքէջում: