Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Վերանայվել են դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեում, ՊԵԿ քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը:
«Լրամշակված նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը չունի սույն օրենքով կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարվել է պաշտոնավարման ընթացքում:
Այս դեպքում 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժով նշված անձանց կենսաթոշակ կնշանակվի անկախ ազատման հիմքից, և հաշվի կառնվի միայն պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո, մինչև կենսաթոշակի համար դիմելը, պաշտոնավարման ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը: