Բանակցությունների ընթացքում փոխզիջումների մասին պայմանավորվածությունները պետք է հաստատվեն հանրաքվեի արդյունքում՝ անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և դրա հանգուցալուծման հնարավորություններին՝ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Խոսքն առաջին հերթին Ղրիմի և Դոնբասի մասին է, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ երաշխիքների:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Համարում եմ, որ Ղրիմը և Դոնբասը շատ բարդ պատմություն են բոլորի համար: Ինչ-որ լուծում գտնելու համար պետք է առաջին քայլն անել, որի մասին ես ասել եմ:
Զելենսկին մանրամասնել է, որ առաջին քայլ ասելով ի նկատի ունի ռազմական գործողությունների դադարեցումը: Ուկրաինայի նախագահը վերահաստատել է, որ Կիևը չի ստորագրի Մոսկվայի ներկայացրած վերջնագիրը:
Միաժամանակ, Զելենսկին ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ առարկայական քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը:
Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի Սահմանադրությունում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր երկրի ձգտումը, սակայն դաշինքի որոշ անդամներ այլ կերպ են ընկալում մեր հեռանկարը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեկ երրորդը մեզ չի տեսնում դաշինքի կազմում:
Զելենսկին նաև ընդունել է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների կառուցման համար նոր ձևաչափեր են անհրաժեշտ: ՆԱՏՕ-ին չանդամակցելը ռուսական կողմի գլխավոր պահանջներից է: Բանակցություններն այժմ ընթանում են առցանց տարբերակով: Թե՛ Մոսկվայում, թե՛ Կիևում հայտարարել են, որ այդ գործընթացում որոշ առաջընթաց կա, սակայն հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները թույլ չեն տալիս ընդհանուր որոշման հանգել, ինչն էլ թույլ կտար դադարեցնել ռազմական գործողությունները:
Կարո՞ղ է իրադարձությունների զարգացման ինչ-որ փուլում Զելենսկին համաձայնել Ղրիմի՝ Ռուսաստանի մաս, և Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչմանը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծում է՝ դեպքերի ներկայիս զարգացումը հուշում է, որ նման սցենարը քիչ հավանական է:
Ալեքսանդր Իսկանդարյան (քաղաքագետ) - Չեմ կարծում, որ Ուկրաինայի նախագահը հիմա հնարավորություն ունի ճանաչելու Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, իսկ Ղրիմը՝ Ռուսաստանի մաս: Հնարավոր համաձայնագրի դեպքում այդ հարցերն ուղղակի կարող են առկախված մնալ՝ առանց հստակ ձևակերպումների, ինչը երկու կողմին էլ թույլ կտա ձեռք բերված արդյունքը ներկայացնել իբրև հաղթանակ և դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այդ հավանականությունը մեծ չէ, բայց այն կա:
Ռազմական գործողությունները Ուկրաինայում ընթանում են ավելի քան երեք շաբաթ: Ռուսաստանին հաջողել է վերահսկողություն հաստատել որոշ քաղաքների նկատմամբ, սակայն Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պահել Խարկովը և Կիևը, որոնք ռազմավարական տեսանկյունից առանցքային քաղաքներ են համարվում: Այս իրավիճակում հնարավոր է հանգուցալուծման մի քանի տարբերակ՝ ընդգծում է Իսկանդարյանը: Սակայն բանակցությունների ընթացքը և դրանց արդյունքները պայմանավորված են լինելու հենց ռազմի դաշտում ծավալվող զարգացումներով:
Ալեքսանդր Իսկանդարյան - Հանգուցալուծման մի քանի տարբերակ կա: Առաջինը՝ ռուսական զորքը շարունակում է առաջ շարժվել, հաջող են գործում հիմնական ուղղություններով, վերցնում են կամ շրջափակում մի շարք կարևոր բնակավայրեր, ընդհուպ մինչև Կիևը: Այս պարագայում ռուսական կողմը բանակցությունների ժամանակ շատ լայն հնարավորություններ կունենա: Երկրորդը՝ այս ամենը ռուսներին չի հաջողվում, ուկրաինական զինված ուժերը կանգնեցնում են ռուսական առաջխաղացումը, և ռազմական գործողությունը ձգձգվում է:
Եթե իրականանա վերջին տարբերակը, ռուսական կողմը կարող է խնդիրներ ունենալ ոչ միայն ռազմական թատերաբեմում, այլ նաև պատժամիջոցների պատճառով՝ ասում է Իսկանդարյանը: Այժմ եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են սանկցիաները ավելացնելու և խստացնելու մասին: