ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ԱՌԱՋ
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը առանցքային նշանակություն ունի խաղաղության հաստատման տեսանկյունից, հարկավոր է փոխզիջումային լուծումներ գտնել։ Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Երբ նախնական փաստաթղթեր մշակվեն, դրանք կփոխանցվեն նախագահներին։ Այնուհետև հնարավոր կլինի խոսել նրանց հանդիպման մասին»,- հստակեցրել է պաշտոնյան։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների շփումները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
«Զելենսկին հստակ արտահայտել է իր դիրքորոշումը տարածքային ամբողջականության և անվտանգության հիմնարար երաշխիքների վերաբերյալ․ սրանք ամենակարևոր կետերն են»,- ասել է նա, խոստովանել՝ բանակցությունների կառուցվածքը բարդ է։ Հիմնական պատվիրակություններից բացի կան բանակցային խմբեր, որոնք աշխատում են տարբեր ձևաչափերով։ Ներգրավված են նաև երկու երկրի ղեկավարների խորհրդականները։
Պոդոլյակն ընդգծել է, որ պատվիրակությունները պայմանավորվել են չքննարկել «խաղաղության փաստաթուղթը», քանի դեռ հրապարակման ենթակա փոխզիջումային դիրքորոշումներ չեն մշակվել։
«Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանը․ նրանք կարող են հայտարարել ինչ ուզում են։ Ուկրաինան զիջումների չի գնում, քանի որ խոսքը մեր ազատության մասին է»,- եզրափակել է Պոդոլյակը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՆԴԱՂՈՒՄ ԵՆ. ՊԵՍԿՈՎ
Ռուս-ուկրաինական բանակցություններին է անդրադարձել նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա դժվարացել է ասել՝ երբ տեղի կունենա հաջորդ փուլը՝ դա բացատրելով լողացող ժամանակացույցով։
Պեսկովի խոսքով՝ բանակցությունները շատ ավելի դանդաղ են ընթանում, քան ակնկալվում էր։
«Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպված է թե՛ բանավոր, թե՛ գրավոր։ Մեր պահանջները հայտնի են Կիևին։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը վաղուց փոխանցվել են ուկրաինացիներին։ Որոշ կետերի նրանք արձագանքել են, որոշ կետերի՝ ոչ»,- նշել է Պեսկովը։
Նախագահի խոսնակը հայտարարել է նաև, որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը, հարցումների համաձայն, աջակցում է Վլադիմիր Պուտինի գործողություններին։
«Մենք լսում ենք նաև այն քաղաքացիների կարծիքները, որոնք դեմ են Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Այնուհանդերձ՝ փոքրամասնությունը մնում է փոքրամասնություն»,- եզրափակել է Պեսկովը։
ՌԴ-Ն ԿՀԱՂԹԱՀԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՌՅԱԲԿՈՎ
Արևմուտքի պատրանքներն այն մասին, թե Ռուսաստանին կարելի է ծնկի բերել, շատ ծանր հետևանքների կհանգեցնեն՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող վերադառնալ Արևմուտքի հետ գործակցության նախկին ձևաչափին, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը Մոսկվան պատրաստ կլինի այն պայմանով, որ Վաշինգտոնը զերծ մնա բոլոր մակարդակներում լարվածության հետագա սրումից:
Փոխարտգործնախարարի պնդմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները ցանկությունը չունեն հաշվի նստելու բանակցություններում Մոսկվայի պահանջների հետ:
«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի նաև Կիևի ռեժիմին զենքի մատակարարումը։ Եթե նրանք կարողանան դրական ազդեցություն ունենալ Կիևի վրա, այդ ժամանակ որոշակի հեռանկար կլինի հարաբերությունների կարգավորման համար»,- հայտարարել է Ռյաբկովը:
Պաշտոնյան հավելել է նաև, որ Ռուսաստանը կհաղթահարի տնտեսական բոլոր դժվարությունները։
ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է միջնորդական ջանքեր ձեռնարկել՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Քալընի խոսքով՝ երկու երկրի նախագահների հանդիպումը կազմակերպելու Էրդողանի առաջարկին Վոլոդիմիր Զելենսկին դրական է արձագանքել, իսկ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հարկավոր է սպասել բանակցող թիմերի աշխատանքի ավարտին:
Քալընի համոզմամբ՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման արդյունքում կայացված որոշումները կկանխորոշեն առաջիկա 10 տարիների ընթացքը:
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՏԱՐՀԱՆՎԵԼ Է 62000 ՄԱՐԴ
Ուկրաինայի իշխանությունները կիրականացնեն Մարիուպոլի բնակիչների տարհանումը հումանիտար երեք միջանցքով։ Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ նրանք կտեղափոխվեն Զապորոժիե քաղաք։
Ռուսաստանի պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն էլ հայտնել է, որ ռուսական կողմի ջանքերով Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 62 հազար խաղաղ բնակիչ։ Նա հավելել է, որ նախօրեին կրկին չի հաջողվել պաշտոնական Կիևի հետ համաձայնեցնել դեպի Ռուսաստան մարդասիրական միջանցքների գործարկումը։