Մարտի 4-ին Արաբկիր վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանած մեքենաներից գողություններ էին արել: Մեկ օրվա ընթացքում ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել էր 7 դեպք:
Նման դեպքեր էլի էին եղել. գողացել էին հայելիներ, անվադողեր, բայց այս անգամ գործելու եղանակն այլ էր: Առավոտյան Նաիրի Զարյան, Արաբկիրի 51-րդ և 39-րդ փողոցներում կոտրել էին «Կիա», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների պատուհանները, բայց հարմար բան չգտնելով՝ հեռացել էին: Ժամը 9-ից 13-ը Նաիրի Զարյան ու Բաբայան փողոցների շենքերի բակերում «Մերսեդես», «Կիա» և «Մազդա» մակնիշի մեքենաներից նույն եղանակով փող, օծանելիք, ակնոց ու փաստաբանի վկայական էին գողացել:
Իրավապահները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ կեսգիշերին նոր ահազանգ ստացվեց. 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում մի տղամարդ փորձում է բացել կայանված մեքենաների դռները:
Արաբկիրի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ նշված բակից բաժին բերման ենթարկվեց օտարերկրյա մի քաղաքացի:
25-ամյա երիտասարդը խոստովանել է, որ մեքենաներից գողություններն ու գողության փորձերն ինքն է արել:
Հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն: