Մարտի 19-20-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի և Բյուրեղավան համայնքի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) առաջնությունը՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին: ՀՀ մարզերից առաջնությանը 26 թիմով 180 մարզիկ է մասնակցել:
Թիմային հաշվարկով առաջնության հաղթող է դարձել Հայրիվանքի հավաքականը, երկրորդ տեղում Հրազդանի թիմն է, իսկ եռյակը եզրափակել է «Ատլանտ» մարզակումբը:
Երիտասարդների պայքարում թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել Սպիտակի հավաքականը, երկրորդ տեղը՝ Բյուրեղավանի հավաքականը, իսկ երրորդ տեղում Էջմիածնի թիմն է:
Բաց հաշվարկում առաջնության բացարձակ հաղթող է դարձել Արտյոմ Սոլոյանը Տաշիրից (82,5 կգ), որը ցույց է տվել 190 կգ արդյունք, իսկ երիտասարդների պայքարում 160 կգ արդյունքով՝ 67,5 կգ քաշային Ռուդիկ Ավդալյանը՝ Սպիտակ քաղաքից:
Առաջնության ընթացքում սահմանվել են նաև ռեկորդներ. 48 կգ քաշային կարգում 95 կգ արդյունքով ռեկորդ է սահմանել Սպիտակ քաղաքը ներկայացնող Գարեգին Գրիգորյանը, 67,5 կգ քաշային կարգում 160 կգ արդյունքով ռեկորդ է սահմանել Ռուդիկ Ավդալյանը, 82,5 կգ քաշային կարգում էլ 190 կգ արդյունքով ռեկորդակիր է դարձել Արտյոմ Սոլոյանը:
Հաշմանդամություն ունեցող տղաների պայքարում, ըստ քաշերի, առաջին հորիզոնականները զբաղեցրել են Արթուր Գալստյանը (56 կգ), Վոլոդյա Բազեյանը (60 կգ), Գևորգ Աֆրիկյանը (67,5 կգ) և Հակոբ Ղազարյանը (75 կգ), իսկ աղջիկների պայքարում՝ Սվետա Մանուկյանը (52 կգ), Մալվինա Էվինյանը (56 կգ), Ելենա Պետրոսյանը (56 կգ), Գրետա Վարդանյանը (60 կգ) և Աննա Մկրտչյանը (110 կգ):