Ձյան առատ տեղումները Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դժվարություններ են ստեղծել, բարդացրել ճանապարհային երթևեկությունը: Հատկապես լեռնային հատվածներում նաև ձնաբքի պատճառով ճանապարհների մաքրումը խնդիր է դարձել, որոշ հատվածներ նույնիսկ անանցանելի են դարձել:
Գոռ Մարգարյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ) - Հ-43 Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհն է փակ, Թթուջուր-Նավուր, Մ-10 միջպետական ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք, Ալավերդի-Ջիլիզա՝ դա Թումանյանի շրջանում է, Շիրակի մարզի Մ1՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 162-րդ կիլոմետրում՝ մոտ 200 մետր, բքի տիպի ձնածածկ է անընդհատ քամին բերում:
Կապանում ճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար: Տաթև-Գորիս ճանապարհահատվածում կուտակված մեքենաներ կան՝ հիմնականում բեռնատարներ ու տուրիստական ավտոբուսներ:
Ձնամաքրման աշխատանքներում թերացումներ են եղել: Ըստ Գոռ Մարգարյանի՝ կան թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Կապալառու այն ընկերությանները, որոնք պատշաճ չեն կազմակերպել աշխատանքը, Կառավարության համապատասխան որոշմամբ պատասխանատվություն կկրեն:
Գոռ Մարգարյան - Օրինակ՝ եղել են դեպքեր, որ կազմակերպություններն արագ չեն արձագանքել այս պայմաններում և կատարել են ձյան մաքրման աշխատանքներ նախատեսվածից ավելի ուշ ժամանակաշրջանում: Հիմնականում Լոռու մարզում են նկատվել այդպիսի երևույթներ, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է վարորդներին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով: