938 անհատ ձեռներեցի հաշվառման դիմում, ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ ՍՊԸ-ների 268 գրանցում: Սա փետրվարի 24-ից մինչև այս պահը ՌԴ գրանցումների վիճակագրությունն է Հայաստանում: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հերթերն այնքան են ավելացել, որ ստիպված են եղել մարզային աշխատակիցներին Երևան տեղափոխել:
Տաթև Մկրտչյան (ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ) - Որպես համեմատություն կարող ենք նշել, որ եթե հունվար ամսվա ընթացքում ընդամենը 21 ՌԴ քաղաքացիներ են հաշվառվել որպես ԱՁ, մենք որպես համեմատություն ընտրել էինք մարտի 7 ամսաթիվը, այդ օրը ՌԴ 81 քաղաքացիներ հաշվառվել են որպես ԱՁ:
Նոր հաշվառված անհատ ձեռնարկատերերի ու գրանցված ՍՊԸ-ների մեծամասնությունը «Տնտեսական գործունեություն» սյունակում նշել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Ընդ որում, այս ակտիվությունը դեռ շարունակվում է: Քիչ չեն նաև այն անհատները, որոնք եկել և Հայաստանում են աշխատանք փնտրում, ճնշող մեծամասնությունը՝ էլի ԱյԹի ոլորտում: Հայկական հաշվապահական ընկերությունները հիմա օրական առնվազն մեկ տասնյակ զանգ են ստանում Ռուսաստանի քաղաքացիներից, այս ընկերությունը, օրինակ՝ արդեն մի քանի պայմանագիր ունի կնքած:
Արմինե Ավագյան («Ֆինս» հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն) - Մի քանի ընկերություններ ունենք, և դրանք հիմնականում խոշոր են: Իրենց ներկայացրած ծավալները ապագայի համար ասել են, որ տարեկան կտրվածքով հարկման ընդհանուր համակարգում են հարկվելու: Իրենք բիզնեսը հիմնում են էստեղ, ունենալու են մի քանի աշխատակից:
Հարկման ընդհանուր համակարգում հայտնվում են այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 115 մլն դրամը: Նրանք կմուծեն տարեկան 18 տոկոս շահութահարկ, յուրաքանչյուր աշխատակցի համար՝ 21 տոկոս եկամտային հարկ, իսկ եթե իրենց արտադրանքը ներքին շուկայի համար է՝ նաև 20 տոկոս ԱԱՀ: Իսկ այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը մինչև 115 մլն դրամ է, կմուծեն 5 տոկոս շրջանառության հարկ:
Արմինե Ավագյան - Մենք էլ՝ որպես ծառայություններ մատուցող, հետաքրքրվում ենք, թե ինչո՞վ է պայմանավորված բիզնեսի բացումը կամ բիզնեսի տեղափոխումը: Հիմնականը սանկցիաներն են, որ այս պահին գործում են, և արևմտյան շուկայի հետ աշխատանքի դժվարությունը, այդ իսկ պատճառով տեղափոխում են այստեղ:
Հայկական ընկերություններից մեկն էլ հարթակ է ստեղծել և օգնում է հետաքրքրված բիզնեսին հաստատվել Հայաստանում: Դիմողներ արդեն եղել են.
Գայանե Խաչատրյան (Work From A ընկերության գործադիր տնօրեն) - Այս ընթացքում մեզ դիմել են 20-ից ավել մարդիկ և անհատներ, նաև ընկերություններ են դիմել: Այդ ցանկում 3 ընկերությունների տնօրեններ են դիմել, ովքեր ուզում են իրենց աշխատողներին բերել Հայաստան: Խոսքը գնում է 200-300 աշխատակցի մասին, սակայն փուլ-փուլ են, բնականաբար, իրականացնում աշխատողների տեղափոխումը:
Ընկերություն են դիմել նաև անհատներ, CV-ներ ուղարկել, խնդրել աջակցել աշխատանքի տեղավորման հարցում: Գայանե Խաչատրյանի խոսքով՝ իրենց դիմած ընկերությունների 10 տոկոսը հստակ որոշել է մնալ Հայաստանում: Չնայած դիմողների ճնշող մեծամասնությունը IT-ից է, բայց կան նաև այլ ոլորտներից հետաքրքրվողներ:
Գայանե Խաչատրյան - Կան նաև ֆինանսական ընկերություններ, ովքեր գալիս են էստեղ, գիտեք, որ այնտեղ SWIFT-ը չի աշխատում, հատկապես դրանով է պայմանավորված դա, իրավաբանական ընկերություններ կան, այսինքն՝ իրավաբանական, ֆինանսական, ԱյԹի-ից դուրս այս ոլորտներն են:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն օրեր առաջ հայտարարել էր՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Հայաստանի համար ընդհանուր ռելոկացիան գոնե այս շրջանում դրական է, Հայաստանում տնտեսական աշխուժություն կնկատվի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակցությունը կավելանա: Անհանգստացնող միայն մեկ հարց կա՝ ինչ անել, որ օտարերկրացիները Հայաստանը տրանզիտ երկիր չդիտարկեն, այլ մեր Հայաստան տեղափոխվեն՝ ապրելու և աշխատելու նպատակով: