ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐԴԵՆ ԼՔԵԼ Է 3,5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 27-րդ օրն է։ Փետրվարի 24-ից մինչև հիմա ավելի քան 3,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, հայտնում են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունից։ Ներքին տեղահանվածների թիվը հասել է 6,5 միլիոնի։
Կազմակերպության տվյալներով՝ Լեհաստանն ընդունել է 2 միլիոն փախստականի։ Ռումինիայում ապաստանել է շուրջ 550 000 մարդ, Ուկրաինայից փախստականների են ընդունում նաև Գերմանիան, Մոլդովան, Հունգարիան, Սլովակիան, Ռուսաստանը և Բելառուսը։ Նշվում է, որ ներքին տեղահանվածների և փախստականների 90%-ը կանայք և երեխաներ են։
ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ԱՌԱՋ
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը առանցքային նշանակություն ունի խաղաղության հաստատման տեսանկյունից, հարկավոր է փոխզիջումային լուծումներ գտնել։ Այդ մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Երբ նախնական փաստաթղթեր մշակվեն, դրանք կփոխանցվեն նախագահներին։ Այնուհետև հնարավոր կլինի խոսել նրանց հանդիպման մասին», - հստակեցրել է պաշտոնյան։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների շփումները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Պատվիրակությունները պայմանավորվել են չքննարկել «խաղաղության փաստաթուղթը», քանի դեռ հրապարակման ենթակա փոխզիջումային դիրքորոշումներ չեն մշակվել։
«Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանը․ նրանք կարող են հայտարարել՝ ինչ ուզում են։ Ուկրաինան զիջումների չի գնում, քանի որ խոսքը մեր ազատության մասին է», - եզրափակել է Պոդոլյակը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՆԴԱՂՈՒՄ ԵՆ. ՊԵՍԿՈՎ
Ռուս-ուկրաինական բանակցություններին է անդրադարձել նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա դժվարացել է ասել՝ երբ տեղի կունենա հաջորդ փուլը՝ դա բացատրելով լողացող ժամանակացույցով։
«Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպված է թե՛ բանավոր, թե՛ գրավոր։ Մեր պահանջները հայտնի են Կիևին։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը վաղուց փոխանցվել են ուկրաինացիներին։ Որոշ կետերի նրանք արձագանքել են, որոշներին՝ ոչ»,- նշել է Պեսկովը։
Նախագահի խոսնակը հայտարարել է նաև, որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը, հարցումների համաձայն, աջակցում է Վլադիմիր Պուտինի գործողություններին։
«Մենք լսում ենք նաև այն քաղաքացիների կարծիքները, որոնք դեմ են Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Այնուհանդերձ՝ փոքրամասնությունը մնում է փոքրամասնություն», - եզրափակել է Պեսկովը։
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ
Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ արձագանքելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու Վարշավայի առաջարկին։
«Իհարկե, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին։ Սակայն Ռուսաստանի հետ առճակատումը չի բխում ամերիկացիների և մեր ազգային անվտանգության շահերից»,- նշել է նա։
Միացյալ Նահանգները նաև բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցով։
ԵՄ-Ն ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆԻ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ
Եվրամիությունը բացառություններ չի անի կառույցին Մոլդովայի անդամակցության հայտի քննարկման ժամանակ. Քիշնևը ստիպված կլինի անցնել անդամակցության բոլոր փուլերը: Այդ մասին հայտարարել է Քիշնևում ԵՄ մշտական պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյքսը:
«ԵՄ խորհուրդը պահանջել է Եվրահանձնաժողովի եզրակացությունը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հայտերի վերաբերյալ: Սա առաջին քայլն է, որը պետք է անի ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Ընդ որում, Եվրամիությունը բացառություններ չի անի, չի անտեսի կանոնները»,- հավաստիացրել է Մաժեյքսը։
Փետրվարի վերջին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ-ին՝ կառույցին անհապաղ միանալու խնդրանքով, Կիևը հատուկ ընթացակարգով Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Ուկրաինայից հետո ԵՄ-ին անդամակցության հայտ են ներկայացրել Մոլդովան և Վրաստանը։