Շիրակի մարզի Ազատան համայնքում այսօր պաշտոնապես ազդարարվեց տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական կենտրոնի բացումը։ Կենտրոնն անցած տարվա մայիսից էր սկսել գործել և նպատակ ունի զտարյուն ոչխարների բուծմամբ հասնել տեղական ոչխարների գենոֆոնդի բարելավմանը։
Կարապետ Պապոյան (անասնաբույժ) - Ֆրանսիայից են ներկրված, իրենք մսատու սորտեր են համարվում, քիչ բուրդ ունեն, ունեն ձագ տալու մեծ հնարավորություն՝ 2-3 հիմնականում, տեղականի համեմատ շատ լավ է, սրանց էգերի քաշը՝ 60-80 կգ, արուները՝ 140 կգ ժիվոյ քաշ։
Գենետիկական այս կենտրոնը ազատանցի հայր ու որդի Պապոյաններինն է, երկուսն էլ անասնաբույժ են։
Կարապետ Պապոյան - Տեղական ոչխարի մոտ ցեղատեսակի բարելավումը ուզում են փոխել կարճ մազ և մսատու տարբերակով, դրա համար որոշեցինք և ծրագրի աջակցությամբ գենետիկական կենտրոն, տեղում սերմնահեղուկ ստանանք, սառեցնենք և արհեստական սերմնավորմամբ անենք։
Դրա համար դեռ պետք է հատուկ դասընթացներ ու վերապատրաստում անցնեն, հետո փորձը փոխանցեն նաև մյուս ազատանցիներին։ ՄԱԿ-ի Զարգացման այս ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։
Նաթիա Նացվլիշվիլի (ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Գյուղատնտեսությունը ավանդական ուղղություն է Հայաստանում։ Այն մեծ ներուժ ունի։ Եվ հաճելի է տեսնել, որ ավանդական մոտեցումների հետ ժամանակակից մոտեցումներ են օգտագործում, որը հնարավորություն է տալիս ոլորտն է՛լ ավելի զարգացնելու։
Սիլյա Կասման (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ) - Ուրախ եմ ԵՄ պատվիրակության անունից գտնվել այստեղ և ուրախ եմ, որ մեր փոքր ներդրումները հրաշալի նախաձեռնություններ են դառնում։ Սա հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել և նպաստել մարզի զարգացմանը։
Կենտրոնը կարևոր է Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ ոչխարների արհեստական սերմնավորման առումով այն առաջինն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Իսկ աշխարհագրական ընտրությունը պատահական չէ։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Մենք մարզում ունենք անասնագլխաքանակի աճ, և այս ստեղծումը ևս կարևոր նախադրյալ է ոլորտի զարգացման համար:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Շիրակի մարզը հայտնի է ոչխարաբուծությունով, իսկ Ազատան համայնքում այնքան տեսակաքանակ չկա, կնպաստի ոչխարաբուծությանը, ուշադրություն է դարձնում գենետիկ բարեփոխումներին:
«Մաքի» ոչխարաբուծական կենտրոնը նախատեսում է միավորել տնտեսությունները, մշակել վաճառքի ռազմավարություն։