Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու համար, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելու առաջարկ անելով երկու երկրների նախագահներին:
Քալընի խոսքով՝ Էրդողանի առաջարկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դրական է արձագանքել, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կողմերի տեսակետները բավականաչափ մոտ չեն, և երկրների ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու համար դեռ պետք է սպասել պատվիրակությունների աշխատանքի ավարտին:
Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է, որ Բելառուսում անցկացվող հանդիպումներին հիմնականում քննարկվում են տեխնիկական հարցեր: Քալընի համոզմամբ՝ Պուտին-Զելենսկի հանդիպումն առանցքային է հիմնարար հարցերում լուծումներ գտնելու համար: Նրա գնահատմամբ՝ հանդիպման կազմակերպման դեպքում ընդունվելիք որոշումները կկանխորոշեն առաջիկա 10 տարիների ընթացքը:
«Երբ այս պատերազմն ավարտվի, անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ: Այս անվտանգային ճարտարապետությունը ձևավորելիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի դերն ու տեղը, Արևմտյան դաշինքի հետ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կդառնան քննարկման հիմնական թեմաները»,- ասել է Քալընը: