3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա այս մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ։
Ռոբերտ Քոչարյան - Այս մեղադրանքը համարում եմ անհեթեթ, իրականության հետ որևէ առնչություն չունեցող։ Սիլվա Համբարձումյանին ես ընդհանրապես չեմ ճանաչել։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ես ունեմ վարչատնտեսական իրավասություններ:
Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե տվյալ դեպքում իր ո՞ր լիազորություններն է օգտագործել կամ չի օգտագործել։ Քոչարյանի համար հասկանալի չէ նաև, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, քանի որ լիցենզիան և վաճառքը այն ժամանակվա օրենսդրությամբ չէին ենթադրում որևէ պետական որոշում, չէին ենթադրում, որ որևէ պետական պաշտոնյա պետք է տա համաձայնություն։
Ռոբերտ Քոչարյան - Իսկապես չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ: Ըստ էության, այս մեղադրանքը հենված է մեկ մարդու երևակայության վրա:
Ամբաստանյալը քրեական գործը որակեց որպես քաղաքական պատվեր, հավելեց՝ քանի որ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը գույքային պարտավորություններ չէր ենթադրում, ամեն ինչ արվում է, որ իր տնօրինած գույքի վրա արգելանք դրվի այս գործով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ հանքի 100 տոկոս բաժնեմասը ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելուն չխոչընդոտելու համար Քոչարյանը՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, գործարար Սիլվա Համբարձումյանից 2008 թվականին ստացել է 3 միլիոն դոլար կաշառք:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի համար էլ հասկանալի չէ իրեն առաջադրված մեղադրանքի էությունը: Գևորգյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման համար:
Արմեն Գևորգյան - Խնդրում եմ ինձ պարզաբանել, թե Արմեն Գևորգյանը, հանդիսանալով նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր ո՞ր լիազորությամբ է ենթադրաբար Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարել:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց՝ չեն պատրաստվում մեղադրանքի քննարկում իրականացնել, քանի որ ամբաստանյալների հարցադրումները ցույց են տալիս մեկ բան՝ խոսքը ոչ թե այն չհասկանալու, այլ հերքելու մասին է։
Դատավորը Գևորգյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ընդունո՞ւմ է մեղադրանքը, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Գևորգյանը շարունակեց հարցադրումներ հնչեցնել, որից հետո Դանիբեկյանը հայտարարեց՝ անցնում են ապացույցների հաջորդականության կարգը սահմանելուն:
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց՝ իր պաշտպանյալի իրավունքները խախտվում են, քանի որ չի բացատրվում մեղադրանքի էությունը։ Ապա, որպես բողոքի նշան, լքեց նիստերի դահլիճը։
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը որոշելու։ Դատարանը որոշեց պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, դատական տուգանք՝ 50 հազար ՀՀ դրամի չափով:
Դատական նիստը կշարունակվի մարտի 29-ին: