Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 21-ին կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները՝ հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանի հարձակման պայմաններում անհրաժեշտ է շարունակել խստացնել պատժամիջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լը Դրիանը և Բլինքենն ընդգծել են Ուկրաինայի ամբողջ տարածքում կրակի դադարեցման անհրաժեշտությունը: Նրանք կարևորել են պարենային անվտանգության ոլորտում սերտ համագործակցությունը։ Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել Ուկրաինայում քաղաքացիական միջուկային օբյեկտների անվտանգության ուժեղացման հարցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերին:
Նշվում է, որ նախարարները քննարկել են այս շաբաթ Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի և G7-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությունը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին:
Լը Դրիանն ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտությունը: