Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ ավելի դանդաղ են ընթանում, քան ակնկալվում էր։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպված է թե՛ բանավոր, թե՛ գրավոր։ Մեր պահանջները հայտնի են Կիևին։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը վաղուց փոխանցվել են ուկրաինացիներին։ Որոշ կետերի նրանք արձագանքել են, որոշ կետերի՝ ոչ»,- նշել է ՌԴ նախագահի խոսնակը։ Նա դժվարացել է ասել՝ երբ տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը՝ դա բացատրելով լողացող ժամանակացույցով։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը չի հանրայնացնում բանակցությունների մանրամասները՝ գործընթացին չվնասելու նպատակով:
Պաշտոնյան հայտարարել է նաև, որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը, հարցումների համաձայն, աջակցում է Վլադիմիր Պուտինի գործողություններին։ «Մենք լսում ենք նաև այն քաղաքացիների կարծիքները, որոնք դեմ են Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Այդուհանդերձ, փոքրամասնությունը մնում է փոքրամասնություն»,- եզրափակել է Պեսկովը։