Չինաստանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի դեմ հայելային պատժամիջոցներ կիրառել՝ չինացի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան նոր սահմանափակումների պատճառով: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք կոպտորեն խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը: Աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողն ԱՄՆ-ն է: Եթե Չինաստանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցները չհանվեն, մենք հայելային պատասխան կտանք»,- նշել է Վենբինը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Պեկինը պահանջում է, որ Վաշինգտոնը դադարեցնի Չինաստանի նկատմամբ զրպարտանքը և նախապաշարմունքներով առաջնորդվելը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել չինացի պաշտոնյաների դեմ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, կապված են Չինաստանում և երկրի սահմաններից դուրս, այդ թվում՝ ԱՄՆ-ում, մարդու իրավունքների խախտումների և կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների բռնաճնշումների հետ: Պետքարտուղարության ղեկավարը Պեկինին մեղադրել է ույղուր ակտիվիստներին հետապնդելու համար և դատապարտել Սինծյան-Ույղուրյան ինքնավար շրջանում Չինաստանի քաղաքականությունը: Պեկինի պնդմամբ՝ այս տարածաշրջանում գործում են ահաբեկիչ իսլամիստների հետ կապված անջատողական խմբավորումներ: