6 տրլն 982 մլրդ դրամ՝ Հայաստանի 2021 թվականի համախառն ներքին արդյունքն է, որը 2020-ի համեմատ աճել է 5.7 տոկոսով: Սրանից իրական ՀՆԱ-ն 6 տրլն 531 մլրդ դրամ է: ՀՆԱ-ի մեջ հիմնական խոշոր ուղղություններից՝ 791 մլրդ 604 մլն դրամը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը, 780 միլիարդը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 775 մլրդ 745 միլիոնը՝ գյուղատնտեսությանը: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2 մլն 357 հազար 398 դրամ է, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Պետք է այստեղ հաշվի առնել, որ կան որոշակի գնային բաղադրիչներ այդ բարձր ցուցանիշի մեջ: Այնուամենայնիվ պետք է նշենք, որ իսկապես եղել է բարձր համախառն ներքին արդյունք: Գյուղատնտեսությունը, մշակող արդյունաբերությունը և առևտուրը իսկապես ունեցել են մեծ տեսակարար կշիռ ՀՆԱ-ի աճի պարագայում, սակայն դրանք այն որակյալ ցուցանիշները չէին, որոնք մենք ակնկալում էինք, և որոնք պետք է ընկած լինեն տնտեսության հիմքում:
Համախառն ներքին արդյունք գեներացնող գլխավոր ճյուղերը չեն փոխվել, սակայն կան ոլորտներ, որոնք աստիճանաբար մեծացնում են իրենց դերը՝ նշում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Իհարկե մեր երկրի համախառն ներքին արդյունքն ամենաբարձրն է երբևէ եղած, սակայն, կարծում եմ, հասկանում ենք, որ սա տնտեսության ամբողջական վերականգնում չէ, քանի որ 2020-ի անկմանը համարժեք տնտեսական աճ չենք արձանագրել: Շատ կարևորում եմ նաև տեղեկատվության և կապի ոլորտի աճը, որը վերջին տարիներին ավելի մեծացել և հասել է շուրջ 270 մլրդ դրամի:
Թե՛ բիզնեսը, թե՛ պետությունը պետք է շարունակեն ակտիվորեն աշխատել՝ Հայաստանի տնտեսության ներուժն ավելի լավ օգտագործելու և իրական արդյունք ստեղծող ոլորտներն ակտիվացնելու համար՝ կարծում է Սոս Խաչիկյանը:
Սոս Խաչիկյան - Համախառն ներքին արդյունքի և՛ ծավալային, և՛ որակական աճի տեսանկյունից միակ գործիքակազմը տնտեսության դիվերսիֆիկացիան է, որ մենք աստիճանաբար սկսենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանակում գործունեություն իրականացնել:
Այս տարվա հունվարը մեր տնտեսության համար բավականին լավ էր մեկնարկել, սակայն, մասնագետների կարծիքով՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները իրենց հետքը կթողնեն նաև Հայաստանի տնտեսության վրա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան