Ուժեղ քամուց քշված տանիքներ Շիրակում: Հոսանքազրկում Սիսիանում: Ցրտահարության վտանգ Մեղրի համայնքում: Ձյան ճիրաններում հայտնված ավտոմեքենաներ ճանապարհներին, տասնյակ ավտովթարներ: Մարտին օդի միջին ջերմաստիճանի 6-8 աստիճանով նվազումը և առատ ձյան տեղումները բացառիկ են համարում նաև օդերևութաբանները:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն - Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։
Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերում վնասվել են դպրոցի, մշակույթի տների, նաև մի շարք բնակելիների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ։ Անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով, մարզպետի հանձնարարությամբ, պատասխանատուները օպերատիվ կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների հետ։ Սյունիքի մարզպետարանն էլ հատկապես Մեղրիի այգիներում ցրտահարության վտանգ է կանխատեսում, այգետերերին հորդորում են այգիները պատել թանձր ծխով: Ճանապարհային դեպարտամենտի սպասարկման 3200 կիլոմետր միջպետական ճանապարհի որոշ հատվածներում բքի պատճառով տեխնիկան ուղղակի չի հասցնում մաքրել ճանապարհը:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Նայեք. միանգամից ինչ-որ պատի ենք հանդիպում, միանգամից սաստիկ բուք ու նման եղանակային փոփոխություն: Մի կողմից մաքրում ենք, մի կողմից՝ քամին, բուքը իրենց սև գործն են անում:
Նման պայմաններում բուքը ծածկում է նաև աղ-ավազով մշակված ճանապարհը՝ ասում է Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը, սակայն ճանապարհները սպասարկող 33 կազմակերպությունների մեջ, կան նաև աշխատանքում թերացող կազմակերպություններ, որոնք տուգանվել ու այսուհետ ևս տուգանվելու են:
Գոռ Ավետիսյան - Ընթացիկ տարվա հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում առայժմ 8 միլիոն դրամի չափով տուգանվել են որոշ ընկերություններ: Անբարեխիղճ կապալառուներին հետևողական կլինենք որպեսզի պատժվեն, այդ թվում՝ տուգանքների տեսքով. որոշ կապալառուների հետ պայմանագրերի խզման հարց է դրված:
Մարտի 18-21-ը Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է արգելափակման 136 ահազանգ. զգալի մասը՝ Սյունիքի, Արագածոտնի ու Վայոց ձորի մարզերից:
Արսեն Մկրտչյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ) - Անվտանգ տարածք է տեղափոխվել մոտ 520 տրանսպորտային միջոց և 1309 քաղաքացի: Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Սյունիքի և Արագածոտնի մարզերում:
Որքան էլ փրկարարներն ու Ճանապարհային դեպարտամենտի աշխատողները հորդորում են խուսափել այս կամ այն ուղղությամբ երթևեկելուց, միևնույն է՝ մարդիկ չեն լսում՝ ասում է Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարը:
Արսեն Մկրտչյան - Մարդիկ կային, որ հայտնվել էին արգելափակման մեջ զուտ այն պատճառով, որ որոշել են ինչ-որ մատուռ ուխտի գնալ, բայց կարելի էր դա անել մի ավելի բարենպաստ եղանակի:
Եղանակի պարզելուն զուգահեռ՝ որոշ հատվածներում ճանապարհների մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ՝ այն զգալիորեն կկորցնի ուժը։