Տարվա անելիքների առաջնահերթությունների մի զգալի մասը Տավուշի վերջին խոշորացված համայնքում՝ Իջևանում, տեղ է գտել սուբվենցիոն ծրագրերի հայտերում, որոնք ներկայացրել են Իջևանը և միավորված 18 գյուղից 8-ը:
Արարատ Պարոնյան (Իջևան համայնքի զարգացման ծրագրերի ղեկավար) - Հիմնական խնդիրները գյուղական համայնքներում կապված է ոռոգման և խմելու ջրի հետ, կան նաև ճանապարհներ, որ պահանջում են կապիտալ վերանորոգում, Իջևան համայնքում հիմնականում ճանապարհների կապիտալ նորոգման ծրագրեր են, կա նաև բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ծրագրեր, դրանց բոլորի համար պատվիրվել են նախագծեր, երբ ավարտվի, վերջնական հայտերը կլրացնենք և կներկայացնենք:
Ընդհանուր առմամբ ներկայացված հինգ հայտից յուրաքանչյուրը՝ ըստ ոլորտների, ներառում է մի քանի բնակավայր: Ճանապարհների կապիտալ վերանորոգման հայտում ընդգրկված են Խաշթառակ, Աչաջուր, Այգեհովիտ գյուղերը և Իջևան համայնքը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցման հայտում ՝ Այգեհովիտ, Դիտավան, Վազաշեն և Աչաջուր գյուղերը:
Մի շարք գյուղերում սուբվենցիոն ծրագրեր իրականացվել էին մինչ խոշորացումը, իսկ մի քանիսը այդ հնարավորությունն ստացել են միայն խոշորացումից հետո, դրանք հիմնականում փոքր գյուղերն են՝ սուղ բյուջեով; Դիտավանը նրանցից մեկն է; Հիմնականում անասնապահությամբ և այգեգործությամբ զբաղվող դիտավանցիների համար կենսական խնդիր է ոռոգման նոր համակարգի կառուցումը: Գյուղից առաջին սուբվեցիոն ծրագրի հայտն էլ հենց այդ մասին է:
Հակոբ Սարիբեկյան (Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական ղեկավար) - Ծրագիրը բաղկացած է 2 մասից, 150 և 750 գծամետր, ընդհանուր առմամբ, կոռոգի առաջինը՝ 15 հա, որից 6-ը՝ այգի, 2-րդը կոռոգի մոտ 10 հա, որից 3 հա-ը՝ խաղողի այգի, մնացածը՝ վարելահողեր: Ոռոգման նոր համակարգը հնարավորություն կտա խնայել ջուրը և արդյունավետ օգտագործել hողերը:
Համայնքի խոշորացումից հետո առաջին անգամ սուբվենցիոն ծրագրի հայտ ներկայացրած գյուղերի շարքում են նաև Աչաջուրը, Վազաշենը և Կիրանցը:
Հեղինակ՝ Գայանե Թամամյան