ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԵԼ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների՝ այսօր առցանց ձևաչափով կայացած բանակցությունները տևել են 1,5 ժամ, ինչից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարկավոր է գտնել երկուստեք ընդունելի մոդել և կանխել նոր պատերազմները, ինչպես նաև նշել Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության անհրաժեշտությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ կարծիք է հայտնել, որ ռուսական կողմն արագ և բովանդակալից աշխատելու շատ ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, քան ուկրաինական կողմը։
«Իսկ ՌԴ և Ուկրաինայի նախագահների միջև քննարկումներ դեռ նախատեսված չեն, քանի որ ռուս-ուկրաինական բանակցություններում պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- եզրափակել է պաշտոնյան։
ՌԴ-ՈՒՄ META ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ
Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը ծայրահեղական է ճանաչել Մետա ընկերությունը, որին պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերի գործունեությունն արգելվելափակվել է դաշնության տարածքում։ Սահմանափակումները չեն տարածվի WhatsApp մեսենջերի վրա, քանի որ այն չունի տեղեկատվության հանրայնացման գործառույթ։
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը մանրամասնել է՝ Facebook-ի և Instagram-ի օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար։ Meta ընկերությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը կամ սոցցանցերում տարածվող բովանդակությունը համապատասխանեցնել ռուսական օրենսդրությանը։
Ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազությունը դիմել էր դատարան այն բանից հետո, երբ Meta ընկերությունը հայտարարել էր, որ օգտատերերը կարող են Ռուսաստանի զինվորականների նկատմամբ բռնության կոչեր տեղադրել սոցցանցերում։ Սակայն արդեն այսօր ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Meta-ն վերանայել է իր քաղաքականությունը և անընդունելի է համարում ռուսատյացության դրսևորումները և ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերը։
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Մոսկվան, ի պատասխան Ճապոնիայի պատժամիջոցների, նաև դուրս է գալիս Տոկիոյի հետ Կուրիլների հարավում համատեղ տնտեսական գործունեության վերաբերյալ երկխոսությունից։ Նշվում է, որ Ճապոնիայի քաղաքացիներն այսուհետ չեն կարողանա առանց վիզայի այցելել Կուրիլներ։
ՌԴ-Ն ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել՝ Ջո Բայդենի՝ Վլադիմիր Պուտինի հասցեին վերջին հայտարարությունների կապակցությամբ։ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին «ռազմական հանցագործ» էր անվանել։
«Նման հայտարարությունները կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունների խզման պատճառ դառնալ։ Դեսպանը նախազգուշացվել է, որ Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունները վճռական հակահարված կստանան», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻՑ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիային կոչ է արել հրաժարվել ռուսական էներգակիրներից, փակել նավահանգիստները ռուսական նավերի համար և ապրանքներ չմատակարարել Ռուսաստան։
«Առանց ձեզ հետ առևտրի, առանց ձեր ընկերությունների և բանկերի Ռուսաստանը փող չի ունենա»,- հայտարարել է նա։
Գերմանիայի դիրքորոշումը ռուսական նավթի մատակարարումների վերաբերյալ, սակայն, չի փոխվել․ Բեռլինը չի կարող անմիջապես նվազեցնել էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածությունը, սակայն աշխատում է այդ ուղղությամբ՝ հայտնել են Գերմանիայի նախարարների կաբինետից։
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած էր հայտնել, թե հաջորդ ձմռանը հնարավոր կլինի երկիրը գազով ապահովել:
ՌԴ ԶՈՒ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՅՐ ԴՆԵԼ ԶԵՆՔԸ
Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել մարտի 26-ից ևս 30 օրով երկրում ռազմական դրության ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ օրինագիծ։ Կիևի մարզում էլ այսօր 22։00-ից մինչև չորեքշաբթի 9։00 կրկին պարետային ժամ է սահմանվում։
«Ռուսաստանի զինված ուժերը կոչ են անում ազգայնականներին վայր դնել զենքը և Մարիուպոլից անցնել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Կիևը պատասխանել է՝ ուկրաինական բանակը զենքը վայր չի դնի և չի հեռանա քաղաքից։