ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Պորտուգալիան Հայաստանին նվիրել է 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ:
Այսօր առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը:
Մատակարարումն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերով ապահովելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնության շրջանակներում՝ Եվրամիության, Լեհաստանի և Պորտուգալիայի համատեղ աշխատանքի շնորհիվ:
Մյուս մասնաբաժնի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլին:
«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ»,- նշել է ԵՄ դեսպանը ՀՀ առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում։