Պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե այս տարվա մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում են ունեցել Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը, որն ըստ Խորհրդային միության քարտեզների՝ մոտ 600 մետր խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նախորդ տարվա գարնանը, ինչից հետո այնտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, սակայն ձմռանը, չունենալով բավարար կենցաղային պայմաններ, ադրբեջանական զինուժի մի մասը հեռացել է տեղանքից:
Այժմ եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ և նախկինում փորված խրամատների հարակից տարածքում նույն բնագծի վրա, առանց առաջանալու, տեղադրվել են վրաններ:
Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ Ներքին Հանդ գյուղը ադրբեջանցիների դիտարկման գոտում չէ: