ՄԻԱԿ ԵԼՔԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան չի կարող կորցնել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Հարկավոր է գտնել երկուստեք ընդունելի մոդել և կանխել նոր պատերազմները մեր վերահսկողության տակ գտնվող և ժամանակավորապես օկուպացված տարածքների միջև»,- ընդգծել նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան որևէ վերջնագիր չի ընդունի։ «Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է»,- նշել է նախագահը, պնդել՝ անհրաժեշտ է օգտագործել Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ցանկացած ձևաչափ և հնարավորություն:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են անցնել Երուսաղեմում։ Զելենսկու խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը փորձում է միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպման գործում։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից էլ հայտնում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություննեի միջև բանակցությունները կշարունակվեն այսօր։ «Մինչ այդ, աշխատանքային ենթախմբերի մակարդակով, ակտիվ աշխատանքներ են տարվում»,- հստակեցրել է աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Զելենսկին նաև Գերագույն Ռադա է ներկայացրել մարտի 26-ից ևս 30 օրով երկրում ռազմական դրության ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ օրինագիծ։
ՌԴ ԶՈՒ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՅՐ ԴՆԵԼ ԶԵՆՔԸ
Նախօրեին Ուկրաինայում հումանիտար միջանցքներով տարհանվել է ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ։ Մասնավորապես, Մարիուպոլից՝ շուրջ 4000 մարդ՝ հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Ռուսական կողմն էլ հայտարարել է մարտի 21-ին Մարիուպոլից արևելյան և արևմտյան ուղղություններով մարդասիրական միջանցքներ բացելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ Մարիուպոլից Ռուսաստան է տարհանվել արդեն ավելի քան 59 000 մարդ։
«Ռուսաստանի զինված ուժերը կոչ են անում ազգայնականներին վայր դնել զենքը և Մարիուպոլից անցնել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Կիևը պատասխանել է՝ ուկրաինական բանակը զենքը վայր չի դնի և չի հեռանա քաղաքից։
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ
Միացյալ Նահանգները Կիևին ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Մենք միայն սարքավորումներ չենք ուղարկել, ուկրաինացի զինծառայողները նաև պատրաստ են և գիտեն՝ ինչպես կիրառել այդ տեխնիկան»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։
Անդրադառնալով Սլովակիայի և Արևելյան Եվրոպայի երկրների՝ Ուկրաինա C-300 զենիթահրթիռային համակարգեր ուղարկելու հարցին՝ նախարարը նշել է, որ ամերիկյան կողմն աշխատում է այդ ուղղությամբ և կփորձի օգնել Կիևին՝ ապագայում պաշտպանել Ուկրաինայի երկինքը։
Պենտագոնից հայտնել են նաև, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ նրա կողմից ձեռք բերած С-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու հարցով: Դրա դիմաց ամերիկյան կողմը Անկարային առաջարկում է չեղարկել նրա դեմ սահմանված պատժամիջոցները:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ խորհրդային և ռուսական ռազմական համակարգեր ունեցող երկրների կողմից դրանք երրորդ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, փոխանցումն արգելված է օրենքով և Մոսկվան դա թույլ չի տա։
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը դուրս գա այդ երկրի սահմաններից՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Հակամարտությունը կանխելու նպատակով ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունը դաշինքի արևելյան թևում։ Գերմանիան և Մեծ Բրիտանիան կրկնապատկել են իրենց ուժերը Բալթյան երկրներում: ԱՄՆ-ն այժմ 100000 զինվորական ունի Եվրոպայում։ Մենք պարտավոր ենք աջակցել Ուկրաինային։ Մենք նաև երկար ժամանակ մարզել ենք ուկրաինացի զինվորականներին»,- նշել է Ստոլտենբերգը։
ԲԱՅԴԵՆՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԿՈՒՂԵՎՈՐՎԻ ԵՎՐՈՊԱ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կուղևորվի Եվրոպա՝ օրակարգում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցն է։ Մարտի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Մեծ Յոթնյակի առաջնորդների հետ հանդիպումներից հետո Սպիտակ տան ղեկավարը կուղևորվի Վարշավա, որտեղ կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Նախատեսված է նաև Բայդենի հեռախոսազրույցը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ բանակցությունների նպատակն է համակարգել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելուն ուղղված համատեղ քայլերը։
Սպիտակ տնից հայտնում են նաև, որ Միացյալ Նահանգները կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ սահմանափակումներ կիրառելով ավելի շատ բանկերի և էներգակիրների հետ կապված տնտեսական հատվածների վրա։