Վերջին երկու օրերին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստեղծված իրավիճակի, վնասների չափերի, կատարված աշխատանքների վերլուծության նպատակով խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախօրեին ստացված ահազանգերը մարզի համայնքների մի շարք բնակավայրերից էին՝ բնակելի տների, օժանդակ շինությունների տանիքների վնասվելու, էլեկտրականության խափանման և, իհարկե, ճանապարհների անանցանելիության ու դժվարանցանելիության մասին։
Նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ օպերատիվ կապ ու համագործակցված աշխատանք են տարել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մարզային մասնաճյուղի աշխատակիցները։
Այսօր արդեն մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելեցին մի շարք բնակավայրեր՝ համայնքապետերի, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Շիրակի մարզում անցած օրերին և մինչ այժմ ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Սպասարկող ընկերությունները շարունակում են աշխատել, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունն հասնում է 3-5, անգամ 6 մետրի։
Դեռևս փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները։ Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են»,- նշված է գրառման մեջ։