Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակը հանգիստ է: Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնաթվերն ու ու առաջիկայի կանխատեսումները համավարակի տարածման առումով:
«Մեր ցուցանիշներն ու կանխատեսումները ցույց են տալիս, որ առաջիկայում դեռ պահպանվելու է հիվանդացության ցածր աստիճանը: Այնուամենայնիվ, ականատես ենք, որ ասիական մի շարք երկրներում՝ Հարավային Կորեայում, Չինաստանում, վերջին մեկ ամսում գրանցվում է դեպքերի աճ: Մի փոքր վաղ է կանխատեսում անել՝ արդյոք համավարակի ավարտական փուլի՞ն հասել ենք, թե՞ չէ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ պատվաստումային գործընթացը շարունակում է մնալ առաջնահերթ: Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին առկա են պատվաստանյութերի բոլոր տեսակները:
«Երբ համավարակի թվերն իջնում են, մարդկանց զգոնությունը նվազում է, ինչը բնական է: Բայց պիտի պիտի նշենք, որ կանխարգելումը հենց այս ընթացքում է արդյունավետ իրականացնել»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ այս պահին 5 բժշկական հաստատություն է զբաղվում քովիդ պացիենտների բուժմամբ:
«Ամենանվազ ծանրաբեռնվածության աստիճանն ունենք այս պահին: Ըստ թվերի նվազման՝ մահճակալների հետծավալման աշխատանքներ ենք անում: Սա արվում է հնարավորինս խնայելու միջոցները և ճկուն լինելու՝ ըստ կարիքի: Քովիդի բեռն ինչ-որ առումով նաև լարվածություն է ստեղծում այլ խնդիրներ ունեցող պացիենտներին սպասարկելու առումով, դրա համար փորձում ենք այլ մահճակալներ չծանրաբեռնել քովիդի համար»,- ասաց Ավանեսյանը: