ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՌԻՆԳՈ ՍԹԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ
Անգլիայի հյուսիսային Լիվերպուլ քաղաքում է մեծացել աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի թմբկահար Ռինգո Սթարը: Հայրենի քաղաքում հայտնվել է լեգենդար երաժշտի որմնանկարը:
Այն արվել է Թոքսթեթ թաղամասում գտնվող Empress` «Կայսրուհի» կոչվող պանդոկի հսկա պատին:
Որմնանկարում պատկերված են դրվագներ 1960-ականներից հայտնի Yellow Submarine` «Դեղին սուզանավ» կոչվող գունագեղ մուլտֆիլմից` ի պատիվ «Բիթլզի» համանուն ստեղծագործության:
Ռինգո Սթարը վեց տարեկանից ապրել է այս պանդոկի հետևի փողոցում: Մայրը սպասուհի է աշխատել:
Այս որմնանկարի հեղինակը տեղացի նկարիչ Ջոն Քալշոուն է:
ԲՈԼԻՎԻԱ
ՉՈԼԻՏԱ ԿԱՆԱՅՔ ՌԻՆԳ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՀԵՆՑ ՓՈՂՈՑՈՒՄ
Չոլիտաները Բոլիվիայում ապրող բնիկ կանայք են, որոնք առանձնանում են լայն կիսաշրջազգեստներով, հյուսած վարսերով ու գլխարկներով:
Լա Պաս քաղաքի փողոցներում տոնակատարություններ են, որոնց մասնակցում են նաև չոլիտա ըմբիշները` իրենց ներկայությամբ կամրջելով բնիկ Այմարայի և ժամանակակից Բոլիվիայի մշակույթը:
Այս կին ըմբիշները ElectroPreste կոչվող տոնակատարությունների գլխավոր հերոսներն են: Ռինգում նրանց ելույթը դարձել է կանացի ուժի, նաև մարդկանց բնիկ ու ժամանակակից ինքնության միաձուլման խորհրդանշանը:
Լիլիան Կուսի (չոլիտա արտիստ) - Ամեն տարի կառնավալի ժամանակ նման տոնակատարություններ ենք անցկացնում Լա Պաս և Ալտո քաղաքներում: Այս միջոցառմամբ ցանկանում ենք պահպանել մեր արժեքները, մշակույթը, մեր ինքնությունը:
Երկրի ամբողջ տարածքից բոլիվիացիները հավաքվում են Լա Պասում` մասնակցելու տոնակատարություններին, որտեղ ֆոլկլորային նվագախմբերը և բնիկներին հատուկ հագուստով մարդիկ զվարճացնում են փողոցներում և գիշերային ակումբներում հաճելի ժամանակ անցկացնող բոլիվիացիներին:
2021 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով ElectroPreste-ն չի անցկացվել: Այժմ մարդիկ ուրախ են, որ վերադարձել են երջանիկ կյանք և այլևս դիմակ կրելու կարիք չկա:
ՀՈՐԴԱՆԱՆ
ԱՂԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ
Երբ Հորդանանի 27-ամյա բնակիչ Ուսամա ալ Խուդիրաթը բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց երեք տարի անց չի կարողացել աշխատանք գտնել որպես էլեկտրաինժեներ, վերադարձել է իր մանկության հոբբիին, որպեսզի ապրուստի միջոցներ վաստակի:
Երիտասարդ տարիքից սովորելով աղեղներ պատրաստել՝ Խուդիրաթը որոշել է կատարելագործել իր հմտությունները և սկսել է դրանք վաճառել որսի սիրահարներին: Նա սկզբում աշխատել է տնից և երբ իր բիզնեսն է հիմնել, արհեստանոց է բացել:
Ըստ վիճակագրության վարչության՝ Հորդանանում գործազրկության մակարդակը 2021 թվականին հասել է 24,8 տոկոսի։ Այն նույնիսկ ավելի բարձր է բուհական դիպլոմ ունեցողների շրջանում՝ հասնելով 31,1 տոկոսի:
Ուսամա Ալ Խուդիրաթ (աղեղնագործ) - սկզբում ես սկսեցի աղեղներ պատրաստել, քանի որ գործազուրկ էի: Այժմ իմ նպատակն է տարածել այս մարզաձևը Հորդանանում: Նետաձգությունն օգնում է կենտրոնացումն ուժեղացնելուն և հոգեկան առողջությունը բարելավելուն:
Յուրաքանչյուր աղեղի ստեղծման համար առնվազն տասն օր է պահանջվում: Աղեղները պատրաստում է ձիթենու և հաճարենու փայտից: Խուդիրաթի հիմնական գնորդները որսի սիրահարներն են:
ՊԱՂԵՍՏԻՆ
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԱԾ ԽՈՀԱՐԱՐԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ Է ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐԸ
Ֆիդա Աբու Համդիան պաղեստինցի մի խումբ ուսանողների հետ Հեբրոն քաղաքի ռեստորաններից մեկի խոհանոցում է, որպեսզի նրանց սովորեցնի պաղեստինյան խոհանոցի գաղտնիքները` իտալական մատուցմամբ:
Աբու Համդիան ծնվել է 1982 թվականին Հեբրոնում, խոհարարական կրթությունը շարունակել է Իտալիայի Պադուայի համալսարանում, սակայն խոհարարության հիմունքները սովորել է մորից և հարևաններից:
Սոցիալական ցանցերում և օտար երկրներում հաճախ են մշակութային լուրջ բանավեճեր ծագում, երբ պաղեստինյան կերակուրները սխալմամբ ներկայացվում են որպես իսրայելական: Աբու Համդիան ասում է, որ պաղեստինցիների համար սնունդն ու ազգային ինքնությունը սերտորեն փոխկապակցված են:
Ֆիդա Աբու Համդիա (պաղեստինցի խոհարար) - Ես որոշեցի լրջորեն զբաղվել խոհարարությամբ, քանի որ տեսնում էի, թե ինչպես են հրեաները փորձում պաղեսինյան կերակրատեսակները ներկայացնել որպես իսրայելական: Սա շատ ցավոտ թեմա է պաղեստինցիների համար: Ահա թե ինչու որոշեցի ինքս ցույց տալ, որ սրանք մեր ազգային կերակուրներն են:
Պաղեստին վերադառնալուց հետո Աբու Համդիան գիրք է հրատարակել, որը կոչվում է «Փոփ պաղեստինյան խոհանոց»: Այնտեղ տարբեր բաղադրատոմսեր կան: Գրքի նպատակն է նաև ներկայացնել խոհարարական այն ժառանգությունը, որ կինը ստացել է նախնիներից: Աբու Համդիան նաև ինստագրամյան էջ է վարում, որում նույնպես ներկայացնում է պաղեսինյան կերակուրների բաղադրատոմսեր:
ԱՄԷ
ԳՐԱՖԻՏԻՆ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ԴՈՒԲԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Rethink Art` «Վերանայեք արվեստը» խորագրով փառատոն է անցկացվել Դուբայում: Նկարիչները հույս ունեն, որ վառ գույների և այլմոլորակայինների նկարների շնորհիվ կկարողանան ավելի շատ տեղացի արվեստագետների համար գրավիչ դարձնել գրաֆիտին:
Տազրոք մականունով հայտնի նկարիչ Բրայան Գարսիան նույնպես Դուբայում է` մասնակցելու Rethink Art մեկշաբաթյա փառատոնին, որի նպատակն է խթանել ստեղծագործական և դիզայնի թարմ գաղափարները:
Փառատոնի շրջանակում, ցուցահանդեսից բացի, կանցկացվեն նաև սեմինարներ, ինտերակտիվ ցուցադրություններ, լուսանկարչության դասեր և կենդանի կատարումներ:
Ամենամյա միջոցառման շրջանակում կցուցադրվի նաև մի մեծ կտավ, որի վրա փառատոնի այցելուները կարող են ազատ ստեղծագործել գրաֆիտի ոճով:
Գարսիան, որն արդեն 30 տարի է՝ ինչ կերպարվեստով է զբաղվում, իր թիմակից նկարիչների հետ մտադիր է բազմաթիվ աշխատանքներ ստեղծել: Նրանք, օգտագործելով խորանարդի նմանվող թափանցիկ մակերես, ստեղծել են դեմքերի ու ծաղիկների մի քանի տպավորիչ պատկեր:
Բրայան Գարսիա (գրաֆիտի նկարիչ) - Ես ցանկանում էի այնպիսի արվեստով զբաղվել, որով ոչ ոք չի զբաղվում: Եթե մի բան շատերն են անում, ես դրանից հեռու եմ մնում, իսկ եթե ոչ ոք չի անում, դա ինձ համար մարտահրավեր է դառնում, և սկսում եմ այդ գործը: Գրաֆիտին ինձ համար մարտահրավեր էր: Դա իսկապես շատ բարդ գործ է:
Գարսիան հույս ունի, որ արվեստի այս ուղղությունն ավելի կտարածվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Փառատոնի այցելուներին նրա աշխատանքները հիացրել և անչափ դուր են եկել:
ՖՐԱՆՍԻԱ
ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՎԵՑ ՄԵՏՐՈՎ
Հայտնի Էյֆելյան աշտարակի բարձրությունն ավելացել է 6 մետրով, երբ նոր թվային ռադիոալեհավաք է տեղադրվել Փարիզի հուշարձանի գագաթին:
19-րդ դարում Գուստավ Էյֆելի ստեղծած աշտարակն այժմ 330 մետր բարձրություն ունի: Ալեհավաքը դրա վրա տեղադրել են ուղղաթիռի օգնությամբ:
Էմելդա Կոլիեր (զբոսաշրջիկ) - Անչափ ուրախ եմ, որ հենց այս շրջանում այցելեցինք Փարիզ, երբ Էյֆելյան աշտարակի վրա ալեհավաք են տեղադրում: Տեսանք, թե ինչպես է այն ուղղաթիռի օգնությամբ իջեցվում աշտարակի գագաթին: Մենք Իռլանդիայից ենք, ես նախկինում` 40 տարի առաջ, եղել եմ այստեղ, այժմ իմ երեխաներին եմ բերել: Նրանք առաջին անգամ են Փարիզում, հիացած են:
Կառուցման ընթացքում Էյֆելյան աշտարակը գերազանցել է Վաշինգտոնի հուշարձանին՝ դառնալով մարդու կողմից պատրաստված աշխարհի ամենաբարձր կառույցը: Այդ տիտղոսն աշտարակը կրել է չորս տասնամյակ, մինչև 1929 թվականը, երբ Նյու Յորքում հայտնվել է Chrysler Building երկնաքերը: Եվ չնայած դրան, գաղտնիք չէ, որ Էյֆելյան աշտարակը մինչև օրս շարունակում է մնալ զբոսաշրջիկների ամենաշատ այցելած տեսարժան վայրերից մեկը:
Բացի այդ, աշտարակն ավելի քան 100 տարի օգտագործվել է նաև հեռարձակման համար: Էյֆելի գագաթին բազմիցս ալեհավաքներ են տեղադրվել, հետո հները փոխարինվել են նորերով:
ՖՐԱՆՍԻԱ
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՏԱԿ ՀՆԱԳՈՒՅՆ ՍԱՐԿՈՖԱԳ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հնագետները Փարիզի Աստվածամոր տաճարի տարածքում կապարե սարկոֆագ և տաճարի հնագույն խորանի բեկորներ են հայտնաբերել: Դրանք բացառիկ նմուշներ են, որոնց շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել աշխարհահռչակ տաճարի պատմության մասին:
Ինչպես գիտեք, Փարիզի Աստվածամոր տաճարն այժմ վերանորոգվում է 2019 թվականի ամենակուլ հրդեհից հետո:
Առաջին գտածոներից մեկն ամբողջությամբ պահպանված անտրոպոմորֆ` մարդակերպ, կապարե սարկոֆագն էր, որը, հնագետների կարծիքով, հավանաբար պատկանել է բարձրաստիճան ազնվականի և կարող է թվագրվել 14-րդ դարով, ինչը, եթե հաստատվի, այն կդարձնի անչափ դիտարժան գտածո:
Քրիստոֆ Բենիե (Ֆրանսիայի ազգային հնագիտական ինստիտուտի աշխատակից) - Մենք կարողացանք փոքրիկ տեսախցիկ ուղարկել սարկոֆագի ներս, որը ցույց էր տալիս կտորի մնացորդներ, օրգանական նյութեր, ինչպիսիք են մազերը և բույսերի մնացորդներ: Այն փաստը, որ այդ բույսերը դեռ կան այնտեղ, վկայում է, որ պարունակությունը շատ լավ պահպանվել է:
Փարիզի Աստվածամոր տաճարում վերանորոգումը շարունակելուց առաջ որոշել են հնագիտական պեղումներ անցկացնել: Երբ դրանք ավարտվեն, հսկա փայտամած կտեղադրվի այս տարածքում:
Պեղումների ամբողջ տարածքը գտնվում է 18-րդ դարով թվագրված քարքարոտ շերտի տակ, սակայն կան մի քանի ավելի ցածր մակարդակներ՝ թվագրված 14-րդ դարով, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ 13-րդ դարեսկզբով, հայտնել են Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԼԻ ԵՆ ՆՇՈՒՄ
Հնդկաստանում մեկամյա դադարից հետո դարձյալ Հոլի են նշում, քանի որ կորոնավիրուսի դեպքերը գնալով նվազում են. մեկ միլիարդ 400 միլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում այժմ 30 հազարից պակաս ակտիվ դեպք կա:
Հոլին՝ գույների փառատոնը, Հնդկաստանում ամենասիրված և ամենակարևոր տոներից մեկն է: Այն նշում են բոլոր հնդիկ հավատացյալները:
Տոնի ընթացքում մարդիկ միմյանց վրա գունավոր ներկափոշի են քսում կամ շաղ տալիս, երգում, պարում, ուրախանում են:
Պրիա Փաթիլ (Հոլի փառատոնի մասնակից) - Ես շատ հուզված եմ և անչափ ուրախ, որ վերջապես տոնում ենք Հոլին: Մեզ համար սա շատ կարևոր իրադարձություն է:
Հոլին, որը հայտնի է նաև որպես գույների փառատոն, ավետում է գարնան սկիզբը և նշվում է ամբողջ Հնդկաստանում՝ որպես չարի նկատմամբ բարու հաղթանակի տոնակատարություն: Բոլոր տարիքի մարդիկ մոռանում են նախկին անախորժությունների ու տարաձայնությունների մասին և մասնակցում են մեծ տոնին: