Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի Սուրբ Գևորգ խոնարհված եկեղեցին է: Հոգևոր հուշարձանը հիմնադրվել է դեռևս 17-րդ դարում: Տասնամյակներ շարունակ այն կիսավեր վիճակում էր: Այսօր, սակայն, պետության և մասնավոր բարերարների ջանքերով, կմեկնարկեն եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Կպահպանվի եկեղեցու պատմական տեսքը՝ ասում է Պատմական միջավայրի պահպանության տնօրենի պաշտոնակատարը և հավելում՝ այժմ մեկնարկում են նախագծման աշխատանքները, դրան զուգահեռ կիրականացնեն պեղումներ:
Արմեն Հովհաննիսյան (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենի պաշտոնակատար) - Առաջարկը եղել է համայնքի ղեկավարի՝ պարոն Հակոբջանյանի կողմից: Շատ լավ համագործակցություն է. այսինքն՝ համայնք-մասնավոր և ՊՈԱԿ: Ֆինանսավորումը նույնպես լինելու է մասնավորից, համայնքապետարանից և ՊՈԱԿ-ից: Շատ լավ հնարավորություն է ոչ միայն վերականգնել, թեկուզ նաև մաքրության աշխատանքներ կատարել: Տարածքի բարեկարգումը, տեսքը միանգամայն պահպանվելու են, իսկ թե ինչի հիման վրա՝ արդեն նախագծողները կասեն:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը կարևորում է պատմամշակութային արժեքների վերականգնումը, համոզված է, որ եկեղեցու վերակառուցումը կխթանի նաև շբոսաշրջությունը:
Արմեն Հակոբջանյան (Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Դիմել եմ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ին, և, ինչպես տեսաք, չեն մերժել, ու նախագծանախահաշվարկային աշխատանքներն արդեն իսկ կատարվում են, խոստացել են մինչև տարվա վերջ ավարտին հասցնեն:
Ույծի բնակիչները ոգևորված են, ասում են՝ վերջապես գյուղը կունենա իր եկեղեցին, որտեղ կարող են մկրտության և հարսանեկան ծիսակարգեր կատարել:
Ավթանդիլ Համբարձումյան (Ույծ գյուղի բնակիչ) - Գյուղի տերտերը եղել է մեր հորեղբայրը, օծվել է էջմիածինում և աշխատել է որպես տեր հայր՝ էստեղ: Ժամանակին եղել է՝ երեխաներ են կնքել:
Ջուլիետա Մուրադյան (Ույծ գյուղի բնակիչ) - էս գյուղը էն գյուղն է եղել, որ ամեն ինչով առաջինն է եղել թե՛ մշակույթով, թե՛ ամեն ինչով: Ես շատ ուրախ կլինեմ, որ արդեն մի օր տեսնեմ, որ էս ժողովուրդը էս եկեղեցու բացումն են անում:
Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի նախագծողները վստահեցնում են՝ ամեն ջանք կգործադրեն եկեղեցու ոճական և ճարտարապետական առանձնահատկությունները պահպանելու համար:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան