ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն: Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ 2021 թվականի ընթացքում այս առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2 հանդիպում:
«Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային այսպես ասած՝ «փոքր քայլերով առաջ գնալու» մարտավարության, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, ապա նաև՝ մեր պնդմամբ արձանագրելով, որ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց Միրզոյանը:
Արտգործնախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի ոկղմերին հայտնի սկզբունքների տարրերի հիման վրա:
«Այս շարքում ուզում եմ առանձնացնել դեկտեմբերի 7-ին նախագահող երկրների 3 արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Այս հայտարարությունը հանրայնացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»,- ասաց Միրզոյանը: