Նախորդ շաբաթ Երևանում կառուցվել է ինքնակամ 4 շինություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց ԱԻՆ ներկայացուցիչը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինքնակամ շինությունները չեն օրինականացվելու:
«Ես զարմանում եմ, որ դեռ մինչև հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրինք, տեղեկացրինք, որ այդ ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ նրանց խոստումներ են տալիս: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են: Ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պիտի գաք, ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտեինք: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, վերջացավ»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվում է։