«Թեղուտ» ընկերությունը դադարեցրել է պղնձամոլիբդենային հանքավայրի և հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը: Հանքարդյունաբերող ընկերության պարզաբանմամբ՝ պատճառը պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներն են: Սակայն հանքարդյունաբերողը չի հերքում, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն է թողել ընկերության գործունեության վրա:
Ընկերությունը նախատեսում էր 2022 թվականին մայիսից հունիս դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և իրականացնել վերանորոգման աշխատանքը, սակայն աշխարհում քաղաքական-տնտեսական իրավիճակի պատճառով խախտվել է արտադրական ապրանքների՝ սպառողներին մատակարարելու լոգիստիկ շղթան, դադարն օգտագործելով՝ պատվարի նորոգումն ավելի վաղ ենք սկսել:
Հայաստանում գործող ընկերության սեփականատերն Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ՎՏԲ բանկն է: Մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում 10-րդ տեղը զբաղեցող Թեղուտը միակ հանքարդյունաբերող ընկերությունը չէ, որտեղ ռուսական զգալի կապիտալ կա: Ռուսաստանցի գործարար Ռոման Տրոցենկոյին է պատկանում 5-րդ խոշոր հարկատու «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը 2021-ի սեպտեմբերին ձեռք բերեց նաև ՀՀ ամենախոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնեմասը՝ իր բաժնի 25 տոկոսը նվիրաբերելով Կառավարությանը:
Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, հանքարդյունաբերության ոլորտի համար մեծ վտանգ չի տեսնում: Դրանք կլինեն, եթե Արևմուտքի պատժամիջոցները հենց բաժնետերերի վրա կիրառվեն՝ նկատում է տնտեսագետը:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Չեմ կարծում, որ պատժամիջոցների անուղղակի ազդեցությունն այնպիսին կլինի, որ հարկադրված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը՝ հատկապես միջնաժակետ ու երկարաժամկետ հատվածում:
Ռուսական կապիտալը, բացի հանքարդյունաբերությունից, գերիշխող դիրք ունի նաև հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում՝ ասում է Քթոյանն ու հավելում, որ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների 40 տոկոսը ՌԴ-ից է:
Արմեն Քթոյան - Հայ-ռուսական տնտեսական ֆորումի ժամանակ ռուսական կապիտալի մասով օտարերկրյա ներդրումների բավականին շռայլ խոստումներ հնչեցին, և չի բացառվում, որ հիմա այդ ներդրումային պլանները սառեցվեն. խոսքը 1 մլրդ գերազանցող կապիտալի մասին է:
Միևնույն ժամանակ, Քթոյանը փաստում է, որ համաշխարհային շուկայում պղնձի գները բարձրանում են, ինչը նա Հայաստանի համար անվտանգության բարձիկ է համարում, որը կարող է որոշակիորեն մեղմել ներկայիս իրավիճակից եկող խնդիրների ազդեցությունը:
Հեղինակ՝ Անի Օհանյան