2022 թ. փետրվարի 15-23-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ՝ տեղեկացնում են նախարարությունից:
Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալակիրների։
Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահրամ Ասատրյանը՝ մաթեմատիկայից, իսկ արծաթե մեդալի՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Հովհաննիսյանը՝ նույնպես մաթեմատիկայից:
Բրոնզե մեդալների են արժանացել՝
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարիա Առաքելյանը (11-րդ դասարան) և Վյաչեսլավ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ ֆիզիկայից, Ծովակ Եգորյանը (9-րդ դասարան) և Տիգրան Սարգսյանը (11-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից.
«Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ մաթեմատիկայից, Հայկ Աղայանը (11-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (9-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից.
ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Արտաշես Մկրտչյանը (12-րդ դասարան)՝ ֆիզիկայից.
«Ֆոտոն» վարժարանի սաներ Ժորա Ունուպօղլյանը (12-րդ դասարան) և Գևորգ Բոյաղչյանը (12-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից։
Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ.
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ.
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ.
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ.
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ.
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ.
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ.
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։