ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022 թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը՝ 375-րդ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հոդվածի 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: