Բնակարանների վարձակալության գների խնդիրը հասավ նաև Ազգային ժողով: Այսօր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը թեմային վերաբերող հարցով դիմեց Ֆինանսների նախարարին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին:
Միքայել Թումասյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Տարածաշրջանում հայտնի իրադարձություններից ելնելով՝ Հայաստանի անշարժ գույքի վարձակալության շուկան անակնկալ արձանագրել է աննախադեպ մեծ գնաճ: Արդյոք ունե՞նք որևէ գործիքակազմ այս գնաճը զսպելու համար: Արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե կան քաղաքացիներ, որոնք այսօր դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած, զուտ այն բանի համար, որ նրանք ժամանակին չեն կնքել պայմանագրեր վարձակալության, և այդտեղ թաքցվել է 10 տոկոս եկամտահարկը, և այսօր ավելի ծանր է նստում այդ քաղաքացիների վրա: Եվ ի՞նչ կարող ենք անել այս պարագայում՝ հաշվի առնելով, որ մի քանի ամսից տուրիստական սեզոնն է սկսվում, և գուցե բազմաթիվ տուրիստներ չայցելեն Հայաստան՝ չկարողանալով գտնել անշարժ գույք ապրելու համար:
Սա լավ շրջան է, որ բոլորը իրենց հետագա իրավունքները պաշտպանելու համար նախապես գրանցեն վարձակալությունը՝ ընթացակարգերի համաձայն արձագանքեց ֆինանսների նախարարը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Կառավարությունը պե՞տք է գնա որևէ մեկին ասի՝ բնակարանի գինը մի ավելացրու: Կարծում եմ՝ ոչ, որովհետև Հայաստան գալիս են բոլոր ժամանակներում հենց էն պատճառով, որ Հայաստանում ինչ-որ պետք է կարգավորի շուկան՝ կարգավորում է շուկան, Կառավարությունը չի խառնվում էդ հարցերին: Եվ ես կարծում եմ, որ ազատականության էդ աստիճանը, որ առաջարկի և պահանջարկի փոփոխությունների պատճառով նման շեղումներ կարող է առաջացնել, ունի դրական կարգավորող նշանակություն, ամեն ինչ տեղը կընկնի ոչ մի անհանգստանալու բան չկա:
Վարձակալության պայմանագրերը համատարած ստվերի դաշտում են: Պետական եկամուտների կոմիտեն գործիքակազմ գրեթե չունի այստեղ՝ հայտարարեց կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ռուստամ Բադասյան (ՊԵԿ նախագահ) - Մենք հավաքում ենք տեղեկություններ, որտեղ կան վարձակալած բնակարաններ հիմնականում Երևան քաղաքում, հիմնականում խոշոր, որտեղ հնարավոր է՝ խոշոր ծավալ լինի, և, բնականաբար, վարձատուներին ծանուցելու ենք, որ հաջորդ տարի դուք պարտավոր եք նախ գրանցել գնալ վարձակալության պայմանագրերը հետո հաջորդ տարի վարձակալության գումարների մասով եկամտային հարկ հաշվարկեք և վճարեք:
Պայմանագրի առկայության դեպքում բոլոր կողմերը պաշտպանված կլինեն՝ ընդգծում է Ռուստամ Բադասյանը:
Ռուստամ Բադասյան - Ուղղակի սովորույթի ուժով մենք ասենք եկամտային հարկ 10 տոկոս չվճարելու պատճառով չեն գրանցում պայմանագրերը էն դեպքում, երբ որ թե՛ վարձատուի շահերն են պաշտպանված, թե՛ վարձակալի, թե՛ կարող են այդ պայմանագրերը հստակ կարգավորել և չխուսափել ոչ մի բանից և ավելի պաշտպանված լինել:
ՊԵԿ նախագահը հիշեցնում է՝ առանց կադաստրի պետական գրանցման պայմանագիրն ուժ չունի, հետևաբար քաղաքացին պետք է հասկանա, որ վարձակալությունն օրինականորեն գրանցելն առաջին հերթին հնարավոր ռիսկերից պաշտպանվելու միջոց է:
Նիկոլայ Ավետիսյան