Արցախի կարգավիճակի ու արցախահայության իրավունքների հարցերն առանցքային են Կառավարության համար՝ խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի նախարարը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին: «Հայաստան» խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց՝ պաշտոնական Երևանն ի՞նչ սկզբունքային դիրքորոշում ունի Բաքվի 5 կետանոց առաջարկների մասին:
Գեղամ Նազարյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Դուք ընդունե՞լ եք, կիսո՞ւմ եք այդ հինգ նախապայմանները, խաղաղության բոլորն են ձգտում, բայց ոչ ինչ-որ կարևոր բան զոհաբերելու:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այդ օրակարգը: Առանցքային և սկզբունքային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը, ահա այս ամբողջական հենքի վրա պատրաստ ենք սկսել բանակցություններ:
ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԼՂ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
Նախարարը հիշեցրեց, որ Երևանն արդեն իսկ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար, բայց դրանք դեռ սկսված չեն: Նիստին ներկա պատգամավորները, սակայն, մտահոգիչ են որակում Ադրբեջանի 5 կետանոց առաջարկում տեղ գտած՝ միմյանց տարածային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման, սահմանագծման իրականացումը: Առանց արցախյան հիմնախնդիրը լուծելու` այս երկու կետերի իրականացումը վտանգում է արցախահայության ապագան՝ նկատեցին ընդդիմադիրները:
Արարատ Միրզոյան - Մենք որևէ հակասություն չենք դնում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, մեր խորին համոզմամբ, որևէ կերպ չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին, կարգավիճակին և այլն, որովհետև ինչպես մենք, այնպես էլ մեզանից առաջ ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային չէ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգության հարց չէ, այն բացառապես և ամբողջովին Լեռնային Ղարաբաղի իրավունքների հարց է:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՈՒՄ Է 38 ԱՆՁԻ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Հիմնախնդիրը լուծված չէ, ու այն պետք է կարգավորվի Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների միջոցով՝ նշեց Միրզոյանը` հիշեցնելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի առանձին- առանձին ու համանախագահների համատեղ ընդունած 2021-ի 11 հայտարարությունները: Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում նա ևս մեկ անգամ ընդգծեց հրատապ լուծում պահանջող՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:
Արարատ Միրզոյան - Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան:
ՄԻՐԶՈՅԱՆ-ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
«Աղվանական մշակութային կոթողների վերականգնման» մասին Ադրբեջանի մշակույթի նախարարի մոտեցումներն էլ, Միրզոյանի գնահատմամբ, հրատապ են դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը ԼՂ: Ըստ նրա՝ այս ուղղությամբ այժմ բանակցություններ են վարվում: 10 օր առաջ էլ Միրզոյանը Թուրքիայում էր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: ԱԺ-ում նախարարը ներայացրեց իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մանրամասները:
Արարատ Միրզոյան - Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման գործընթացի հետագա ընթացքը։ Երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ ու երկու երկրների միջև սահմանների բացմամբ:
Ներկայացնելով Կառավարության հնգամյա ծրագրի 2021 թվականի արդյունքները` նախարարը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափական նպատակով անցած տարի ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի մասին: Ըստ նրա՝ կա համընդհանուր ընկալում, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: