Պենտագոնը հաստատել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Անկարայի հետ՝ Կիև «С-400» զենիթահրթիռային համակարգեր ուղարկելու համար, փոխարենը Թուրքիային առաջարկում է վերականգնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագիրը և վերացնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ: Այս մասին կիրակի հայտնել է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին։
2017 թ. Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր ստորագրեցին Անկարային ռուսական «С-400» ՀՕՊ համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը։ Անկարայի որոշումը ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի բացասական արձագանքն առաջացրեց։ ԱՄՆ-ը չի դադարում Թուրքիայից պահանջել հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից և թուրքական կողմին անգամ բացառեց F-35-ի ծրագրից։
Sky News Arabia-ն մեջբերում է Պենտագոնի նույն պաշտոնյայի խոսքերը նաև այն մասին, որ Սլովակիան ստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ՝ պատրաստվելով Կիև տեղափոխել Սլովակիայի զինված ուժերում գտնվող՝ խորհրդային С-300 հակաօդային պաշտպանության համակարգը: