Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագիր կարող է ձեռք բերվել արդեն հաջորդ տարի, սակայն բանակցողների հանդիպումների միջև ընդմիջումները կարող են ճշգրտումներ մտցնել դրա ձեռքբերման ժամկետներում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ազատ առևտրի համաձայնագրին ենթակա ապրանքների ցանկի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, և «համաձայնագրերն ավարտին հասցնելու համար հանդիպումների ևս մի քանի փուլ է անհրաժեշտ»։
«Վերջին 6 ամիսների ընթացքում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների շրջանակում անցկացվել են բազմաթիվ վիրտուալ հանդիպումներ: Նոյեմբերի 2-3-ն էլ Երևանում դեմ առ դեմ բանակցություններ տեղի ունեցան մեր և ԵԱՏՄ անդամ հինգ երկրի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բանակցող թիմերի միջև»,- հիշեցրել է Ջալալին։