ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021 թ. ընթացքում Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և դրանց հավասար հասանելիության ապահովմանը, մարդու ստեղծարար հմտությունների զարգացմանն ու իրացմանը, ինչպես նաև արտահանումը խթանող միջավայրի ձևավորմանը:
Նախարարը շեշտադրել է, որ Կառավարությունը 2021 թ. սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3,875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3,6 տոկոս, 2019 թ. թողարկման 4,2 տոկոսի և 3,95 տոկոսի և 2015 թ. թողարկման 7,5 տոկոսի և 7,15 տոկոսի համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց և բացարձակ մրցակցային եղանակով:
Միջազգային հեղինակավոր «Ֆիտչը» և «Մուդիսը» 2021 թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը: 2021 թ. հեղինակավոր «Ստանդարտ ընդ Փուրսը» Հայաստանին շնորհել է «դրական» հեռանկարով վարկանիշ՝ գնահատելով Կառավարության կարողությունը մակրոտնտեսական կայունության պահպանման և խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու հանգամանքը:
2021 թ. Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը՝ ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3 տոկոս, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100 տոկոս: 2021թ. կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թ. և շուրջ 65,8 մլրդ դրամով 2018թ. նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021թ. 92,3 տոկոս 31 կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թ. այն եղել է 84,9 տոկոս, 2019 թ.՝ 73,5 տոկոս, իսկ 2018 թ. 74 տոկոս: Ընդ որում՝ 2022 թ. համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը շուրջ 60 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը:
Իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում 2021 թ. համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս, տարեսկզբին կանխատեսված 3,2 տոկոսի, 2020 թ. 7,4 տոկոս նվազման և 2019 թ. 7,6 տոկոս աճի համեմատ:
Նախարարը նշել է նաև, որ մեր երկրի արտաքին պարտքը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ, որը 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46.2 միլիարդով:
Ներքին պարտքը մեկ տրիլիոն 237 միլիարդ է, ինչը 2020 թ. համեմատ ավելի է 240 միլիարդով:
Տիգրան Խաչատրյանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևոր է համարել համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը: Նա նաև կարևորել է եկամտային հարկի վերադարձման գծով արձնագրված 83.8 տոկոս ցուցանիշը: ՀՀ ՊԵԿ նախագահի հավաստմամբ՝ 2022 թ. առաջին եռամսյակի համար նախատեսվել են 395.4 միլիարդ հարկային եկամուտներ: «Առաջին եռամսյակի մասով որևէ խնդիր չենք տեսնում, այն կկատարվի նախատեսվածի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է գնաճային խնդիրներին: Նա նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի գնաճի հետագիծը գնալով նվազել է. նոյեմբերի բարձրակետին՝ 9.6 տոկոսին հասնելուց հետո դեկտեմբերին արձանագրվել է 7.7 տոկոս, հունվարին՝ 7.1 տոկոս, փետրվարին՝ 6.5 տոկոս:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը դրական է գնահատել 2021 թ. Կառավարության ծրագրով նախատեսված և իրականացված դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությունները, տնտեսական ակտիվությունը, Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը:
Քննարկված հարցն ընդունվել է ի գիտություն: