Անցած Ժամանակը չափում է որդու ծննդի հետ: Առաջնեկն ու Մանուկյանների միակ որդին՝ շարքային Լևոն Արայի Մանուկյանը: 1 տարի 8 ամսվա ծառայող էր՝ Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը: Լավ ծառայության համար ստացած շնորհակալագրերի կողքին հետո պիտի ավելանային հետմահու տրված մեդալները: Մեկը մեկից ծանր օրերը մի քիչ թեթևացան, երբ բարի լուրը ստացան՝ փոքրիկներ են ունենալու: Ընտանեկան ծանր զրույցներից, խորհրդանշական երազից հետո էին միայն ամուսինները կայացրել իրենց կյանքի համար ծանր, բայց լուսավոր որոշումը՝ երեխա ունենալ՝ օգտվելով պետության ընձեռած վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունից:
Դեռ ամիսներ առաջ «Լուրերը» Մանուկյանների այդ բարի լուրով կիսվել էր:
Ցավոք, փոքրիկներից մեկը կյանքի համար պայքարում հանձնվեց:
Սերինե Մելիքսեթյան («Արմենիա» ԲԿ նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչ) - Մաման ընդունվեց քովիդով և թոքաբորոբով: Մեկ փոքրիկը 24 ժամ ապրեց: Մյուսը ծնվել է 1 կգ 100 գրամ: Մենք պայքարեցինք, երկար ճանապարհ անցանք: Թթվածնային կախվածություն ուներ, բոլոր խնդիրները լուծվեցին: Այսօր 57 օրական, 1 կգ 900 գրամ դուրս է գրվում տուն:
Նելլի Ղահրամանյան - Արդեն 2 ամիս է՝ սպասում էի էս պահին: Ոնց որ 22 տարի վերադարձել եմ անցյալ, որ 20 տարեկանում գրկեցի իմ փոքրիկին... Իմ աղջի՜կ:
Լևոնի փոքրիկ քույրը՝ Լեոնան, դեռ տուն չհասած՝ բարձրացրել է տան ջերմաստիճանը, փոխել խոսակցությունների թեման...
Արա Մանուկյան - Շատ սպասված երեխա, շա՜տ սպասված, կյանքներիս մեջ մի բան կփոխվի արդեն: Տունս լցվեց, էս բալիկով կսփոփվեմ: Պայքարեց ապրելու համար ու ապրեց, որպեսզի մենք ապրենք:
Մայրը, հայրը, քույրը, հարազատները, հիվանդանոցի բուժանձնակազմը՝ բոլորի ժպիտները թաց են, բայց լայն: Ցանկությունը մեկը՝ խորհրդանշական աղավնիները բերեն ցանկալի խաղաղությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան