ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 2021 թվականի արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի միջև ստորագրվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու մասին հայտարարություն:
«Հայաստանը եռակողմ աշխատանքային խմբում ներկայացված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Խումբը 2021 թվականի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման փորձագիտական ենթախմբեր:
Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ-ի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին գործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասաց նախարարը:
Միրզոյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ:
«Այժմ համընդհանուր ընկալում կա այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասաց Միրզոյանը: