Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:
Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանին:
Հիմքում դրվել է այն հանգամանքը, որ գործը դատավորին մակագրվել է ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ՝ դատարանի նախագահի կողմից, ինչը ըստ պաշտպանական կողմի, չի համապատասխանում օրենսդրական կարգավորումների պահանջներին, և այս պայմաններում չի կարող խոսք լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի մասին: Մեղադրող դատախազն էլ առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ ստեղծված է օբյեկտիվ իրավիճակ, որ համակարգչային տեխնիկայի միջոցով մակագրումն անհնարին է:
Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:
Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու ստորագրությունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան